Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։
ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց կրակի դադարեցման և 1994թ. հրադադարի լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համատեքստում Զոհրաբ Մնացականյանը դատապարտեց Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը