15 07 2020

Ռուսաստանը կանի ամեն ինչ էսկալացիան թույլ չտալու համար. Մատվիենկո

Ռուսաստանը կանի ամեն ինչ էսկալացիան թույլ չտալու համար. Մատվիենկո

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, և որ դիվանագիտական և խորհրդարանական ալիքներով ջանքեր են ներդրվում դրա համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինձ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի, դիմել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները»,-ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանում անհանգստացած են առկա իրավիճակով, քանի որ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են»:

«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,-համոզված է Դաշնային խորհրդի խոսնակը:

Նա նշել է նաև, որ դիվանագիտական ճակատում քայլեր են ձեռնարկվում սրացումը թուլացնելու համար, Ռուսաստանը ջանքեր է ներդնում նաև որպես Մինսկի խմբի անդամ:

Բացի այդ, ջանքեր են ներդրվում նաև խորհրդարանական ճակատում:

«Մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակով, ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք լարվածության սրումը, մարտական գործողությունները»,-ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում հարկավոր է հասնել փոխըմբռնելի որոշումների:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ