ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:
«Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար եւ խստորեն պահպանել հրադադարը»,- շեշտել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը եւ շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում:
«Միացյալ Նահանգները միանում է առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ վերսկսելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների կոչին եւ շեշտում է ԵԱՀԿ դիտորդների՝ հանգամանքների նպաստավոր լինելուն պես տարածաշրջան վերադարձի կարեւորությունը»,- ընդգծել է Օրթագուսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը