ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:
Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն:
Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։
Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը