Այս սոցիալական պայմաններում բարձրացնելով դատարան դիմելու դիմաց գանձվող պետական տուրքերը՝ հերթական հետքայլն ենք կատարում ոչ միայն դատարանի հասանելիության եւ արդար դատաքննության իրավունքի ապահովումից, այլ նաեւ մարդակենտրոն հասարակության կառուցման ուղուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով
Տեղեկացնում եմ, որ կառավարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը։ Մասնավորապես՝
- Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում պետական տուրքը ներկա՝ հայցագնի 2%-ի փոխարեն՝ կկազմի հայցագնի 3%-ը, ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող՝ բազային տուրքի 4-ապատիկը (պետական տուրքի բազային միավորը 1000 դրամ է) կավելանա մի քանի անգամ, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 20-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով առաջին ատյանի դատարան դիմելու համար ներկա բազային տուրքի եւ տուրքի 3-ապատկի փոխարեն՝ նախագծի ընդունման արդյունքում կպարտավորվենք վճարել բազային տուրքի 20-ապատիկը:
- Քաղաքացիական գործերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դրամական պահանջով գործերով ներկայում գործող գումարի 3%-ի փոխարեն՝ կպարտավորվենք վճարել վիճարկվող գումարի 4%-ը: Ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող բազային տուրքի 10-ապատիկի փոխարեն՝ կպարտավորվի վճարել բազային տուրքի 30-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով ներկա՝ բազային տուրքի 8-ապատիկի փոխարեն՝ անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 25-ապատիկի չափով:
- Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար դրամական պահանջի գործերով այժմ գործող՝ հայցագնի 3%-ը կդառնա 5%, ոչ դրամական պահանջի դեպքում էլ պետական տուրքի ներկայում գործող՝ բազային տուրքի 20-ապատիկը կրկնակի կավելանա, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 40-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով այժմ գործող բազային տուրքի 10-ապատիկի չափով պետտուրքը կավելանա 3 անգամ, ու անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 30-ապատիկի չափով:
Հետաքրքիր է, որ նախագծի հիմնավորման մեջ նաեւ ներառված է Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որի համաձայն` նախորդ 2 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչեւ 4 եւ ավելի անգամ:
Հարց է առաջանում, թե արդյո՞ք նման հաշվարկներ կատարելը որեւէ կերպ արդարացված է։ Չէ՞ որ արդարադատության իրականացումը դատարանի կողմից իրականացվող պետական բացառիկ լիազորությունն է, այլ ոչ թե բիզնես, որը պետք է շահույթ բերի դրա մասնակիցներին։
Մյուս կողմից, դատական ծառայությունը ֆինանսավորվում է ոչ միայն պետական տուրքի միջոցով, այլ առհասարակ պետական բյուջեից, այսինքն՝ նաեւ եւ հիմնականում բոլորիս կողմից վճարվող հարկերի միջոցով։ Այսինքն, մենք հարկ ենք վճարում՝ արդարադատություն իրականացնող հասանելի եւ անաչառ համակարգ ունենալու համար։
Գործող կառավարությունն իշխանության գալու օրվանից զբաղված է քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով, ինչի վառ ապացույցն այս նախագիծն է, նաեւ գույքահարկի ավելացումը, ավելի նեղ շրջանակների համար՝ փոխանակման կետերի տուրքի ավելացումը, որսի արտոնագրի վճարի թանկացումը եւ այլ նախաձեռնություններ՝ որոնք հիմա չեմ թվարկում, հակառակ երկու տարի առաջվա նախընտրական քարոզչության։
Այս սոցիալական պայմաններում բարձրացնելով դատարան դիմելու դիմաց գանձվող պետական տուրքերը՝ հերթական հետքայլն ենք կատարում ոչ միայն դատարանի հասանելիության եւ արդար դատաքննության իրավունքի ապահովումից, այլ նաեւ մարդակենտրոն հասարակության կառուցման ուղուց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը