Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույց է անցկացրել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Շաբաթ և կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք է գրանցվել և առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով: «Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից: Բազմաթիվ երկրներում, կարծես, իրավիճակը վերցված էր հսկողության տակ, սակայն գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում: Դա ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը: «Իրավիճակի հաղթահարումը տեսնում ենք նաև քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Պարզապես միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ: Շաբաթ օրը շրջայց եմ կատարել Ավան վարչական շրջանում, դիմակներ եմ բաժանել: Կարող եմ ասել, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում անհատական վարքի փոփոխության ազդեցությանն իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց շրջապատում չէին արձանագրել վարակի դեպք և սա էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Ճիշտ վարվելակերպը ոչ թե այն է, որ սպասենք առնչվենք այդ դեպքերի հետ, այլ ի գիտություն ընդունենք վարակի վերաբերյալ առկա տեղեկատվությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է՝ պետք է շարունակել քաջալերել մեր քաղաքացիներին, որ պահպանեն անվտանգության կանոնները, կրեն դիմակ ամենուր, պահպանեն սոցիալական հեռավորություն:
Նա նաև նշեց․ «Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք: Այ
Մենք կփորձենք արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք գործիքները ունենանք արտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել:
Այո, մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա խնդիր է: Բայց մենք նաեւ չենք կարող հաշվի չառնել հակահամաճարակային իրավիճակը: Կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այո, հիմա իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց ոչ ոք չի կարող ասել, որ իրավիճակը վաղը 180 աստիճան գլխիվայր չի պտտվի. «Չկա երաշխիք, որ ինչ-որ պահի չենք ունենա օրական 800-1000 դեպք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը