Պետրոս Ղազարյանը հարցեր տալու փոխարեն արտահայտում է քաղաքական դիրքորոշումներ: Այս մասին ասվում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 27-ին Պետրոս Ղազարյանի հյուրը գործարար Խաչատուր Սուքիասյանն էր: Թեման էր՝ ինչպես խթանել տնտեսությունը: Պետրոս Ղազարյանը հարցեր տալու փոխարեն արտահայտում էր քաղաքական դիրքորոշումներ. «Հիմա համակարգված կոռուպցիա չկա, վերևը նստած փող չեն աշխատում, մենաշնորհներ չկան, արտոնյալներ նույնպես չկան, չինովնիկները փայ չեն մտնում»:
Խաչատուր Սուքիասյանը համաձայնեց, ողջունեց իշխանության նախաձեռնությունները: Փաստացի, հարցազրույցը վերածվեց իշխանությունների գովերգի, որտեղ հաղորդավարը չեզոք չէր և ակնհայտ վերաբերմունք էր արտահայտում, ինչն անթույլատրելի է»,- ասված է գրառման մեջ:
«Մեդիա պաշտպանը» նշում է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցները իր մշտադիտարկման տակ են: Բազմիցս նշել են, որ հանրային հեռուստաընկերությունն առավել պատասխանատու պետք է լինի հեռուստադիտողի առջև, քանի որ գործում է հանրային միջոցներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը