Ըստ «Հրապարակ» օրաթերթի` խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական վարչությունից եւ ասել են, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ վերջինս հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։ Օրաթերթը նշում է, որ հոդվածը հրապարակախոսական է՝ որեւէ փաստական տվյալ չի պարունակում, հիմնական միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն է հայտնում: Ներկայիս որոշ պատգամավորներ նախկինում լրագրողներ են եղել, և իրենք էլ իշխանությանը քննադատող հոդվածներ են գրել: Նրանցից շատերն այժմ իշխանության մաս են կազմում ու փորձում են խոչընդոտել խոսքի ազատությունը, և իրենց նախկին գործընկերների դեմ հանդես են գալիս քրեական գործերով:
Փաստացի, այլակարծությունը Հայաստանում արդեն դատապարտվում է քրեական գործերով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում օրաթերթի խմբագրությանը և լրագրող Էդիկ Անդրեասյանին: Հետամուտ կլինենք, որպեսզի խոսքի ազատության դեմ ուղղված այս քայլերը համարժեք գնահատական ստանան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը