Politik.am-ը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու Վերաքննիչ դատարանի դրական որոշումը եւ դրանից հետո հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ գրավի գումարը՝ 4 միլիոն դոլար վճարումը խոշոր գործարարների կողմից, ակամա հասարակական քաղաքական դաշտին քննարկման մի թեմա տվեց, որտեղ երկու գործիչների հակադրությունն է, երբ մեկը կարողանում է մի քանի ժամում հավաքել 4 միլիոն դոլար, իսկ մյուսը երկու տարում ներդրումներ ապահովել չի կարողանում։
Շատերին նաև հետաքրքիր է, թե ինչու՞ է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրեժխնդրությամբ լցված միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, երբ անգամ իր կարճատև ազատազրկումը կապ չունի երկրորդ նախագահի իշխանության տարիների հետ։ Ինչու՞ է վարչապետ Փաշինյանի համար իդեաֆիքս դարձել Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ լինելը։
Պատճառն իրականում հասկանալի է, երբ ուսումնասիրում ենք երկու գործիչների անցած ճանապարհն ու թողած հետքը։
Առհասարակ եթե բնութագրենք նախագահ Քոչարյանին, ապա հաշվի առնելով թեկուզ միայն Հայաստանում նրա նախագահության շրջանը, կարող ենք ասել, որ գործ ունենք մի գործչի հետ, ով ինչպես իր անձի հանդեպ է պահանջկոտ եւ բծախնդիր, այնպես էլ շրջապատի եւ գործերի։
Նշենք, որ նախագահ Քոչարյանն ունի լայն կապեր եւ հարգանք աշխարհում ե'ւ քաղաքական, ե'ւ բիզնես շրջանակներում՝ վաստակած այնպիսի հատկանիշների շնորհիվ, ինչպիսիք են խոսքի տեր լինելը, աշխատասիրությունը, հետեւողականությունը, հայտնի լատինական «գործ եւ ոչ թե խոսք» առածի համեմատ գործելը, կամայնությունը, որոշումներ կայացնելու կարողությունը, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելը եւ առաջնորդել կարողանալը։ Քոչարյանն իր կայացրած որոշումների համար երբեք պատասխանատվությունը իր թիմակիցների կամ իր ընտրողների վրա չի գցել։ Այդ որոշումները իհարկե միշտ չէ, որ հաջող և ճիշտ են եղել, բայց կարևոր է արձանագրել, որ նա պատասխանատվության ամբողջ բեռը իր վրա է վերցրել։ Այս իմաստով կարել է ասել, որ Քոչարյան առաջանորդ է։
Քոչարյանի համար կարևոր է փոխվստահությունը։ Նա կպահի ձեռք բերված պայմանավորվածությունը անգամ այն դեպքում, երբ այն իր անձնական շահերին դեմ գործի ինչ որ պահից։ Որքան էլ խիստ է Քոչարյանի կերպարը նա երբեք իր ընդդիմախոսներին անձնապես չի թիրախավորել և պիտակավորել։ Քոչարյանը երբեք չի օգտագործել փողոցային բառապաշար։
Ռոբերտ Քոչարյանը իր կամային հատկությունների շնորհիվ մի քանի անգամ ամենածանր ճգնաժամերից է հանել պետությունը։
Ինչ ունենք ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Մարդ, որը հեռու է բծախնդրությունից եւ կարգապահությունից, պահանջկոտությունից, հետեւողական չէ, կարողանում է միայն մեկ քայլանի շախմատային հաշվարկներ կատարել, հիմնականում խոսում է, իսկ գործ չկա, չունի կուռ եւ միասնական գաղափարական թիմ, ունի իշխանություն, որը ավելի շատ բաժնետիրական ընկերություն է ներկայացնում, եւ բաժնետերերը նրանք են, ովքեր աջակցել են, որ գա իշխանության եւ հիմա պահանջում են իրենց փայաբաժինը։
Պետական կառավարումից հասկանում է այնքան, որքան խմբագրություն ղեկավարելուց։ Չունի կապեր դրսում, եւ իր երկու տարվա ղեկավարման արդյունքում, ըստ ամենայնի կորցրել է վստահությունը արտաքին գործընկերներից մեծ մասի մոտ՝ հեղհեղուկության պատճառով։
Հավատարիմ է հին հռոմեական «հաց եւ տեսարաններ» ասացվածքին այն տարբերությամբ, որ «հաց» կարողանում է ապահովել միայն մերձավոր շրջապատի համար, իսկ ժողովրդին մնում է միայն դատարկ սառնարանի առաջ թուքը կուլ տալն ու «տեսարաններով» կշտանալը։
Մամուլում կան մի քանի տասնյակի հասնող հրապարակումներ, որոնք փաստերով ապացուցում են, որ տարբեր ժամանակներ Փաշինյանը հրապարակային ստել է։ Ըստ էության գոնե ներքաղաքական դաշտում նա ունի ստախոս գործչի համբավ։ Փաշինյանը նաև հայտնի է պայմանավորվածություններ խախտելու իր սովորույթով։ Գործող վարչապետը անպատասխանատու է իր խոսքով և գործով։ Նա կարող է ամենավերջին փողոցային վիրավորանքը հասցնել իր ընդդիմախոսներին։ Փաշինյանը նաև խուսափում է իր կայացրած որոշումների և անահաջողությունների պատասխանատվությունից։ Սա է պատճառը, որ նա ցանակցած տապալման դեպքում մեղադրում է ուրիշներին, անգամ իրեն ընտրած քաղաքացիներին։ Փաշինյանը ղեկավար է, որ սիրում է խոսել իր հաջողությունների մասին և երբեք չի ընդունում անհաջողությունների պատասխանատվությունը։
Ահա այս փաստերը համադրելուց տեսնում ենք, որ գործ ունենք ծայրահեղ հակադիր կերպարների մասին։ Մի դեպքում խոսք է գնում փնթի, պատասխանատվությունից խուսափող և խոստում դրժող ղեկավարի, մյուս դեպքում կոկիկ, պայմանավորվածություններ պահող և սկզբունքային առաջնորդի մասին։
Հ․Գ․ Սա իհարկե չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանն անսխալական է և իր ղեկավարման տարիները փայլուն են եղել։ Սա պարզապես մեր պետության տարբեր ժամանակների երկու խիստ տարբեր ղեկավարների հակիրճ բնութագիրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը