«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը կոչով դիմել է ՀՀ իշող կուսակցությանը և նախագահին. «Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նախատեսելով նրա երկրորդ ընթերցումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այսպիսի ընթացակարգը բացահայտ հակասում է ՀՀ Սահմանադրության 169 Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86 Հոդվածին, որով միարժեք նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պարտադիր ներկայացնել Սահմանադրական դատարան՝ հաստատելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։
Մենք պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից, զերծ մնալ առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի տարրեր պարունակող գործողությունից, և Սահմանադրության պահանջներին համապատասխան, դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Միաժամանակ, կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավորներին՝ զերծ մնալ առանց Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալու, նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելուց։
Եթե, այնուամենայնիվ, սահմանադրության պահանջների խախտմաբ, տեղի ունենա երկրորդ ընթերցմամբ այս նախագծի ընդունումը, պահանջում ենք ՀՀ Նախագահից՝ չստորագրել Սահմանադրության պահանջների խախտմամբ ընդունվող նախագիծը, և ուղարկել այն Սահմանադրական դատարան։ Նմանապես, նաև գնահատելով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունը ԱԺ արտահերթ նիստից, հորդորում ենք նրանց համատեղել ուժերը, և դիմել ևս Սահմանադրական դատարան՝ ստուգելու այս նախագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը