Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել:
Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն:
Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտնի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդարանի 3 պատգամավորներ հայտարարություն էին տարածել Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ՝ նշելով․ «… Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը