Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Փաշինյանի "ադրբեջանաժողովրդամետ" անգրագետ մուղամաթը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է. "Երբեք չեմ բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ. այս հնարավորությունը մեր օրակարգում միշտ կա"... Այսպիսի հայտարարություններ կարող է անել միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից անտեղյակ ռոմանտիկ ինչ-որ մեկը, բայց ոչ Հայաստանի վարչապետը, որը 2 տարուց ավել ղեկավարում է Հայաստանը և գեթ մեկ միլիմետր առաջ չի տարել Արցախյան հիմնահարցին վերաբերող իր թեզերից որևէ մեկը։ Արցախը՝ որպես հակամարտության կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու խոստումը բացահայտ տապալելուց հետո, Նիկոլը Իլհամ բաբայի հետ Մյունխենում տեղի ունեցած իր խայտառակ բանավեճի ժամանակ ինչ-որ հեղափոխական տարրեր էր առաջ քաշում բանակցային գործընթացում, որն արժանացավ ապշերոնյան բռնապետի քմծիծաղին և այդպես էլ մնաց օդում։
Իսկ հիմա, պարզվում է՝ Փաշինյանը "ժամանակակից տեխնոլոգիաների և կոմունիկացիոն գծերի առկայության պայմաններում՝ հետաքրքիր հնարավորություն է ստացել Ադրբեջանի ժողովրդի հետ խոսելու՝ հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը կարող է էլիտայի համար ոչ միայն լինել ազգային անվտանգության հարց, այլև կարող է լինել ունեցվածքի, իշխանության պահպանության հարց, բայց ժողովուրդների համար դա շատ ավելի լայն կոնտեքստ կունենա"։ Այո՛, չզարմանաք, այս մտքի հեղինակը կրկին Հայաստանի վարչապետն է։
Հետաքրքիր է, Նիկոլի կողքին մեկը չկա, որ բացատրի, թե Ադրբեջանն իրենից ինչ երկիր է ներկայացնում և իր հետ նույնիսկ խոսելու ցանկություն հայտնած ինչ-որ ազերի-թուրք որտեղ կարող է հայտնվել...Կամ այդ ի՞նչ հարթակների միջոցով է Նիկոլը պատրաստվում երկխոսել ադրբեջանցիների հետ, եթե նույնիսկ կան ժամանակակից տեխնոլոգիաներ կամ կոմունիկացիաներ... Կարող է՝ մտածում է՝ Բաքվի, Գանձակի կամ ինչ-որ ադրբեջանական այլ բնակավայրերի բնակիչներին զանգի ու խաղաղասիրություն քարոզի ու պատմի թե Իլհամ բաբան ինչ վատն է... Ի գիտություն Նիկոլի և նրա թիմակիցների՝ հավելեմ, որ ազերի-թուրքերը շատ լավ գիտեն թե ինչ վատն է իրենց էլիտան և ինչպես է Ալիևն Արցախյան հարցն օգտագործում ներքաղաքական գործընթացներում... Սակայն Ալիևին և իրեն չսիրող ազերի-թուրքերին միավորում է մեկ բան՝ ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ... Մինչ Բաքուն մանկապարտեզից սկսած ատելություն է սերմանում իր հասարակության մոտ հայերիս առաջ նիկոլամերձ թրքասեր "բոմոնդը" Հայաստանում փառաբանում է թրքասիրություն, իսկ վարչապետն էլ իր ծիծաղելի և անտրամաբանական քայլերի մասին է բարձրաձայնում կապված Արցախյան հակամարտության հետ։
Ի դեպ, ԱԺ-ում քայլիստ ադրբեջանագետ երեսփոխանին, ով հպարտանում էր զինադադարի պահպանման պահով, խորհուրդ կտամ ուսումնասիրել, թե ինչպես 2018 թ-ին Նիկոլի իշխանության անմիջապես գալուց հետո Նախիջևանի հյուսիս-արևելքում ազերի ասկյարները 2-5 կիլոմետր առաջ բերեցին իրենց դիրքերը՝ սպառնալիք ստեղծելով մեր զինվորների և այդ շրջանում գտնվող հայաստանյան գյուղերի համար և ենթադրություններ- եզրակացություններ անել, թե ինչ գնով է Նիկոլը պահում այդ զինադադարը...
Հ.Գ. Փաշինյանի այսօրվա "ադրբեջանաժողովրդամետ" անգրագետ մուղամաթին Բաքուն կպատասխանի հերթական սպառնալիքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը