Ասվում է, որ այս իրավիճակում միակ ճանապարհը քաղաքացիների վարքագծի փոփոխությունն է՝ մտքում, գլխում. այսինքն ստացվում է, որ ոչ լոքդաունը, ոչ արտակարգ ռեժիմի երկարաձգումը որևէ կերպ չօգնեց վարակի տարածման նվազեցմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Հիմա եթե արտակարգ դրության ռեժիմը չի օգնում, ի՞նչ իմաստ ունի երկարաձգել այն: Մյուս կողմի ասում ենք՝ հնարավոր է այս իրավիճակը 3-5 տարի կարող է երկարել: Այսինքն մենք 3-5 տարի կարող ենք գտնվել արտակարգ դրության ռեժիմո՞ւմ: Չե՞ք դիտարկում հնարավորությունը, որ հակահամաճարակային խիստ կանոններ սահմանելով կարելի է շարունակել, առանց ֆորմալ առումով արտակարգ դրություն հայտարարելու: Եթե մենք դիտարկում ենք, որ քաղաքացու վարքագծի փոփոխության խնդիր ունենք, կարծում եմ՝ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե մենք վստահաբար կարողանայինք ասել, թե ինչպիսին կլիներ վարակի մակարդակը, եթե չլիներ արտակարգ դրության ռեժիմը, գուցե ավելի հեշտ կլիներ ձեր հարցին պատասխանել, բայց ոչ մի երաշխիք չկա, որ առանց այս սահմանափակումների մենք կլինեինք ավելի վատ վիճակում: Այս իրավիճում միայն մեկ գործողության վրա հույս դնելը ճիշտ չի: Այո, սոցիալական տասնյակ հոլավակներ, ելույթներ են եղել: Նաև վարչական ու պատժիչ գործողություններ են եղել, և այդ ամենի արդյունքում է, որ կկարողանանք իրավիճակը հաղթահարել:
Դուք գիտեք, որ կառավարությունում մի քանի պաշտոնանկություններ են եղել, որոնք կապված են եղել հենց հակահամաճարակային կանոնների, առաջադրված խնդիրների չկատարման հետ: Այնպես չի, որ մենք ասում ենք՝ քաղաքացիները պետք է փոխեն իրենց վարքագիծը, իսկ պաշտոնյաները պետք է չփոխեն: Մենք ասում ենք՝ բոլորն առանց բացառության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը