11 06 2020

Փաշինյանի վարկանիշի անկումը պայմանավորված է համավարակի ժամանակ նրա անճարակ գործողություններով. «Վզգլյադ»

Փաշինյանի վարկանիշի անկումը պայմանավորված է համավարակի ժամանակ նրա անճարակ գործողություններով. «Վզգլյադ»

Միանգամից երեք ուժային գերատեսչությունների ղեկավարներին ազատել են հորինված պատճառով, հայերի մեծամասնությունը հավանություն չի տալիս այսպիսի գործողություններին: Այս մասին «Վզգլյադ» պարբերականում նշել է քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Փաշինյանի որոշումը կարանտինը խախտելու պատճառով միանգամից երեք գլխավոր ուժայիններին պատժելու մասին:

«Հայաստանի բնակիչների մեծամասնությունը չի աջակցում հրաժարականների վերջին շարքը, որովհետեւ հանրության շրջանում առկա է բավականին լուրջ պառակտում: Վարչապետի վարկանիշն արդեն մի քանի ամիս ընկնում է,- ասել է ԵվԱզԷՍ ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: - Վարկանիշի անկումը պայմանավորված է համավարակի ժամանակ Փաշինյանի անճարակ գործողություններով, ինչպես նաեւ ոչ արդյունավետ կադրային քաղաքականությամբ: Վարչապետը մերթ նախարարներ է նշանակում, մերթ նրանց արագ հանում: Փոքր երկրում վիրավորանքներն արագ են աճում: Սաստկանում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատից այլընտրանքային էլիտար խմբերի ընդդիմադիր տրամադրությունները»,- նշում է նա:

Լեպյոխինի խոսքով՝ Սարգսյանի թիմից նախարարները, որոնք 2 տարի առաջ իշխանությունը կորցրին, ինչպես նաեւ նրա Հանրապետական կուսակցության ակտիվիստները «ոչ մի տեղ չեն անհետացել» եւ ռեւանշի են տրամադրված, նրանք հետեւում են Փաշինյանի յուրաքանչյուր սխալին: «Առաջանում է ապարատի դավադրության սպառնալիք, խմբերի կոնսոլիդացիա, որոնք կարող են ներկայիս վարչապետի համար գրեթե նույնպիսի իրավիճակ ստեղծել, ինչպիսին նա ստեղծեց Սարգսյանի դեմ: Ուստի կադրային վերջին որոշումները բացատրվում են ոչ թե Գլխավոր շտաբի աշխատանքին ներկայացվող պահանջներով, այլ հենց այս լարվածությամբ: Կառավարությունում աճում են կադրային հաճախակի փոփոխությունները, իսկ տնտեսության մեջ, ցավոք, իրական արդյունքներ չկան»,-նշել է քաղաքագետը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ զբաղեցրած պաշտոններից ազատել էր Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ղեկավարներ Արտակ Դավթյանին, Էդուարդ Մարտիրոսյանին եւ Արման Սարգսյանին: Ճիշտ է, նա ավելի ուշ չէր բացառել, որ հեռացվածները դեռեւս կշարունակեն «իրենց ծառայությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին»: Նշենք, որ Գլխավոր շտաբի ազատված պետը իր պաշտոնը զբաղեցնում էր 2 տարուց ավելի, իսկ մյուս երկու ղեկավարներն իրենց պաշտոններում չմնացին նույնիսկ 3 ամիս:

Գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն՝ Արգիշտի Քյարամյանը, իսկ ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանը:

Աշխատանքից հերթական հեռացումների պատճառն այն էր, որ կիրակի երեքն էլ ներկա էին Դավթյանի որդու հարսանիքին՝ դրանով իսկ խախտելով զանգվածային միջոցառումների արգելքը: Ինչպես հայտնել էր «Հրապարակ» թերթը, հարսանիքին մոտ հարյուր հյուր կար: «Իհարկե, ես երջանկություն եմ մաղթում բոլոր նորապսակներին, այդ թվում՝ Դավթյանի որդուն: Հուսով եմ, որ նրանց ընտանիքում ամեն ինչ լավ կլինի: Ճգնաժամային իրավիճակներում մարդկային, ընկերական եւ աշխատանքային հարաբերությունները երբեմն խառնվում են, եւ պետք է կտրուկ որոշումներ կայացվեն: Գալիս է այն պահը, երբ կարգապահությունը եւ հավատարմությունը պետության ղեկավարի խոսքին առաջնահերթություն են դառնում», հայտարարել էր Փաշինյանը:

Ըստ նրա՝ ներկայիս պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց օրինակով ցույց տան քաղաքացիներին, թե ինչ է նշանակում կարգապահությունը եւ օգնեն իրենց հայրենակիցներին հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը:

Հունիսի սկզբին Փաշինյանն ինքը վարակվեց կորոնավիրուսով, բայց արդեն առողջացել է: Կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական էր նաեւ նրա ընտանիքի անդամների մոտ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում համավարակը միայն աճում է: Ինչպես վարչապետը խոստովանել էր անցած հանգստյան օրերին, Հայաստանը «դժոխքում է հայտնվել»:

Լեպյոխինը կորոնավիրուսի պատճառով ներդրված սահմանափակող միջոցների՝ ուժայինների կողմից խախտման պատրվակով աշխատանքից հեռացումները չափից ավելին է անվանել: Նրա կարծիքով՝ որպես կարանտին խախտելու պատիժ Փաշինյանը կարող էր սահմանափակվել միայն նկատողությամբ կամ տուգանքով: «Երբ քաղաքական պայքար է ընթանում, ցանկացած առիթ օգտագործվում է փոխատեղման համար»,- կարծում է զրուցակիցը:

Լեպյոխինի խոսքով՝ դեռ կես տարի առաջ փորձագետները դրական էին գնահատում Հայաստանի նախագահությունը ԵՏՄ-ում, գովաբանում էին Եվրասիական տնտեսական միության տնտեսական առավելությունների պատշաճ օգտագործման եւ Արժույթի միջազգային հիմնադրամին հետեւլուց հրաժարվելու համար, ինչը Երեւանին թույլ տվեց չխրվել պարտքերի մեջ: Բայց դրանից ավել գործն առաջ չգնաց. օրինակ, մինչեւ օրս չկա տնտեսական ծրագիր, դժգոհում է փորձագետը:

«Նոր օրակարգ չի մշակվել: Կորոնավիրուսով պայմանավորված բացասական վեկտորը նյարդայնացում է ավելացրել հասարակության շրջանում: Անորոշության նման իրավիճակը շատ հետխորհրդային երկրների է բնորոշ, սակայն Հայաստանին՝ հատկապես, քանի որ երկիրը շատ կախված է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից»,- եզրափակել է Լեպյոխինը:

Հոդվածը ներկայացնում ենք News.am-ի թարգամանությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ