Կարծում եմ՝ այս փոփոխությունների պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում համակերպվել ԱԱԾ-ի հետ, ԱԱԾ-ն էլ չի կարողանում հասկանալ Նիկոլ Փաշինյանի պահանջները և իրար նկատմամբ այս անվստահությունն առաջացրել է այսպիսի իրավիճակ: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի նոր նշանակմանը:
«Նիկոլ Փաշինյանը փորձեց այս կառույցի ղեկավար նշանակել մի անձնավորության, որը համակարգի հետ որևէ կապ չունի և խիստ կասկածում եմ, որ նա կկարողանա լուծել խնդիրները, որովհետև եթե այդ անձնավորությունը կարողանա լուծել այն խնդիրները կամ այն պահանջները, որ իր առաջ դնում է Փաշինյանը, ապա դրանով կվարկաբեկի ԱԱԾ-ն, իսկ եթե նա չկարողանա դա անել և ինտեգրվի համակարգին, կդառնա անվստահելի Փաշինյանի համար»,- նշեց քաղաքագետը:
Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնականում խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը միշտ սխալ պատկերացում է ունեցել ԱԱԾ-ի իրական գործառույթների վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանի պատկերացումներում ով դառնում է երկրի ղեկավար, ուրեմն պետք է ուժային կառույցներն այդ ղեկավարի ցանկացած կապրիզ տանեն, նա այդպես է պատկերացրել նախկին ղեկավարների մասին և հիմա խիստ նյարդայնացած է, որ ինքը չի կարողանում պարտադրել իր ցանակացած կապրիզ կատարաեն: Նա մտածում է, որ եթե իր կապրիզները չեն կատարում, ապա դավադրություն է կատարվում իր դեմ, չի հասկանում, որ այդ համակարգերը նախկինում էլ կապրիզներ չեն կատարել, պարզապես նախկին ղեկավարները կարողացել են ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ իրենց խնդիրները լուծել են համակարգային տարբերակով: Նրանք էլ են կառավարել այդ համակարգերը, բայց խնդիրների լուծման համար համակարգային, ոչ թե տղայական մոտեցումներ են ցուցաբերել: Իսկ Փաշինյանը քանի որ համակարգային պատկերացումներ չունի, իրեն թվում է, որ եթե հրահանգ տա այս կամ այն անձնավորությանը ձերբակալել կամ այդ մարդու բարեկամներին տանել կակեբեի պադվալ, ապա դա միանշանակ պետք է կատարվի, իսկ չկատարելու դեպքում մտածում է, որ իր հանդեպ դավադրություն կա: Այս մարդու պարզունակ մտածողությունը խանգարում է, որ ինքը կարողանա դառնալ լիակատար երկրի ղեկավար»:
Երվանդ Բոզոյանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի այս քայլը նաև պայմանավորված է իր վարկանիշի կտրուկ անկմամբ. «Նա այս երկու տարիների ընթացքում չի վստահել ուժային կառույցներին, հիմա հատկապես չի վստահում, որովհետև իր վարկանիշը կտրուկ անկում է ապրել կորոնավիրուսի հետևանքով, երկրի վիճակը վատ է, և սոցիալ-տնտեսական աղետ է վաղը գալու, և նա շատ լավ հասկանում է, որ իր վիճակը բավականին ծանր է ու հայտնվել է խուճապի մեջ: Եվ եթե նա նախկինում չէր վստահում այդ կառույցներին, ապա այսօր ուղղակի սպառնալիք է տեսնում, դրա համար փորձում է ղեկավարներին նշանակել մարդկանց, որոնց անվերապահ վստահում է՝ հույս ունենալով, որ այդ կառույցներից առնվազն վտանգ չի տեսնի, և 2-րդ՝ եթե հաջողվի, փորձի ռեպրեսիաներով վախի մթնոլորտ ձևավորել, որպեսզի կանխի հնարավոր ընդդիմադիրների ակտիվացումը, որը վտանգ է ներկայացում իր համար»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը