Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեռելածին «հեղափոխության» հուղարկավորությունը…
Շանտաժով ու կեղծ լոզունգներով իշխանության եկած «հեղափոխականների» տխրահռչակ էպոպեան մոտենում է ավարտին։
Մի՞թե այսքան շուտ։
Իրականում դեռ մի բան էլ ուշացած է։ Որովհետև ակնհայտ էր, որ Հայաստանում «հեղափոխություն» չի՛ եղել, և չէ՛ր էլ կարող լինել։ Առա՛նց գաղափարի, առա՛նց աշխարհայացքի, առա՛նց ծրագրերի, առա՛նց պայքարի, առա՛նց կենսագրության հեղափոխություն և հեղափոխականներ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանը խաբել, և խաբում է ո՛չ միայն ժողովրդին, այլ նաև իր՝ չկայացած «հեղափոխականներին»։
«Հեղափոխություն» կոչվածը մեռելածին մի երևույթ էր, որը պետք է Նիկոլ Փաշինյանին անսահման իշխանություն ապահովեր և «պրոլետարիատի» անունից դիկտատուրա սահմաներ։ Բայց չստացվեց։ Ի հեճուկս հեղափոխականների՝ երկրում կան օրենքներ, պետություն և իրավունք հարգող մարդիկ, ազգային արժեքներ, քաղաքական և իրավական համակարգ։ Բացի այդ, ընդդիմադիրներն առավել քան խոհեմ, պրոֆեսիոնալ ու համառ գտնվեցին, իսկ «հեղափոխականները»՝ առավել քան ապաշնորհ, ապիկար ու ագահ։
Նիկոլ Փաշինյանն իր անվանակոչած մեռելածին «հեղափոխությունը» չկարողացավ «վաճառել» դրսում, որովհետև ի տարբերություն ներսի՝ դրսում միամիտներ չկան։ Ոչ ոք չցանկացավ աջակից լինել ի սկզբանե անշունչ և անհասկանալի քաղաքական մի երևույթի, որը ոչ մեկին, ոչինչ չէր տալու՝ բացի գլխացավանքից։
Բայց Նիկոլը՝ Նիկոլ չէր լինի, եթե գործի չդներ իր դերասանական տաղանդը, մարդկանց մանիպուլացնելու վարպետությունը, և այն ներսում չվաճառեր։ Ու քանի դեռ գործը տաք էր, այդ մեռելածին ապրանքը, Նիկոլ Փաշինյանը «նաղդեց» սեփական ժողովրդի վրա՝ հայտարարելով, որ այն ժողովրդինն է, այսինքն ժողովրդական «հեղափոխություն» է։ Նույնիսկ դրա համար ավելի բարձր գին սահմանվեց՝ քան Արցախյան ազատամարտն էր։
Առուծախի խոշոր գործարքները կայացան 2018թ. հոկտեմբերյան և դեկտեմբերյան ընտրություններում։ Արդյունքում՝ ընտրողների մեկ երրորդի (3-ից 1-ը) ոգևորության ներքո, մեռելածին «հեղափոխությունը» և նրա տխուր հետևանքները փաթաթվեց ամբողջ հասարակության վզին։
Եթե Փաշինյանն ի սկզբանե անկեղծ լիներ, և ասեր, որ իր շարժման նպատակը սովորական իշխանափոխությունն էր, ապա «հեղափոխության» հուղարկավորության հարցի առաջ այսօր արդեն չէր կանգնի։
Կերոնավիրուսի համավարակի ստեղծած ճգնաժամն ընդամենը արագացրեց, ավելի ճիշտ՝ ակնառու դարձրեց «հեղափոխության» առաջնորդի և «հեղափոխականների» իշխանության սնանկությունն ու քաղաքական մերկությունը։ Օստապ Բենդերը նման իրավիճակում կասեր՝ «Հե՛տ քաշվենք պարոնայք, գրասենյակը մեռավ»։
Մեռելածին «հեղափոխությունը» և իր բերած խամաճիկների թատրոնն այլևս անտանելի է դառնում։ Սա փայլուն հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Առավել քան վստահ եմ, որ հասկանում է բոլորից էլ լավ։ Հետևաբար՝ հեռանալուց առաջ մի շատ կարևոր հարցի պատասխան պետք է գտնի. ե՞րբ և ինչպե՞ս «հուղարկավորել այդ մեռելածին «հեղափոխությունը»»։ Այլապես, ինչպես ասել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնը՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։
Նման վերջաբանի չհանգելու համար, հայկական մեռելածին «հեղափոխությունը» հեղինակների ձեռքով պետք է հուղարկավորվի, որքան շուտ, այնքան լավ։ Դա հնարավորություն կտա քաղաքական համախմբման միջոցով, նախ և առաջ երկիրը դուրս բերել ստեղծված դժոխային վիճակից։ Իսկ որոշ ժամանակ հետո էլ ունենալ նորմալ խորհրդարան և պրոֆեսիոնալ կառավարություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը