05 06 2020

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։

Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունը հայտնեց Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։ 

՛ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորեց երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:

Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ կատարվեց նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ