04 06 2020

Մայիսի 28-ին ինձ լուրը հասել էր հայտնի պատգամավորի շրջանակից. «5-րդ ալիքի» տնօրեն․ News.am

Մայիսի 28-ին ինձ լուրը հասել էր հայտնի պատգամավորի շրջանակից. «5-րդ ալիքի» տնօրեն․ News.am

News.am-ը գրում է․ «Անգամ Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներն են հերքում՝ «5-րդ ալիքի» Հ/Ը-ի փակվելը, իսկ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում էր՝ փակվել է «5-րդ ալիքը», եւ իրական փոփոխությունները սկսվում են Արցախից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» Հ/Ը-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Արցախում դադարեցվել է հայկական 5 ալիքի հեռարձակումը, որոնց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունները:

«Արմեն Բաբաջանյանը դա իր կյանքի նպատակն է դարձրել։ «5-րդ ալիքի» դեմ նմանատիպ քայլերն արվում են հատուկ հրահանգով եւ ոչ միայն «5-րդ ալիքի» դեմ, այլ նաեւ «5-րդ ալիքի» գործադիր տնօրենի դեմ։ Այդ մարդկանց տարողությունն ու շնորհքն այդքան է, նրանք դրանից ավելին չեն կարող անել»։

Հ/Ը-ի գործադիր տնօրենը պատմեց, թե ինչպես է տեղեկացել, որ Հ/Ը-ի հեռարձակումն Արցախում դադարեցվել է.

«Դեռ մայիսի 28-ին այդ տեսակ լուր ստացա, որ հունիսի 1-ին անջատվելու է, սակայն լուրջ չընդունեցի։ Հունիսի 1-ից Արցախից սկսեցին զանգահարել, թե ինչու չի հեռարձակվում «5-րդ ալիքը», կապվեցի մեր թղթակցի հետ, նա ասաց՝ այո, հիմա չի հեռարձակվում, եւ փորձում են ճշտել, հետո հետ զանգահարեց ու ասաց, որ իրեն ասում են՝ տեխնիկական խնդիր է։ Ես ասացի՝ բայց ինձ 2 օր առաջ ասել էին, որ դադարեցվելու է ամսի 1-ին։ Մայիսի 28-ին ինձ այդ լուրը հասել էր հենց այդ հայտնի պատգամավորի շրջանակից։ Այսինքն, որ ամսի 1-ին պետք է տեխնիկական խնդիր առաջանար, արդեն այդ մարդը գիտեր։ Ամսի 1-ից երբ դադարեցվեց, ես սկսեցի զբաղվել այդ խնդրով, պատգամավորը երեկոյան գրեց՝ փակվել է «5-րդ ալիքը» եւ իրական փոփոխությունները սկսվում են Արցախից։ Արցախից որեւէ պաշտոնյա ինձ չի ասել, որ դադարեցվել է, ինձ ասել են՝ տեխնիկական խնդիր է։ Ես հասկանում էի, որ տեխնիկական խնդիրը մարդիկ 2 օր առաջ չեն իմանում։ Ես մանկապարտեզից չեմ եկել հեռուստատեսություն, կյանքից մեծ հատվածն անցկացրել եմ հեռուստատեսությունում, եւ այդ «տեխնիկական խնդիր» հասկացությունն էլ եմ լավ հասկանում»։

Անդրադառնալով նաեւ «Շողակաթ» Հ/Ը-ի եւ մյուս հայկական ալիքների հեռարձակման դադարեցմանը՝ Հարությունյանն ասաց. ««Շողակաթ» Հ/Ը-ի մասով էլ իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ հասարակությունն էլ է տեսել՝ եկեղեցին 2 տարվա ընթացքում ինչպիսի հալածանքների է արժանացել։ Երկրորդն էլ կարող է լինել այն, որ մի 2 հատ էլ ալիք անջատենք, որ հետո արդարանալու խնդիր չունենանք։ Բոլոր ալիքները նույն սարքի մեջ են, եթե այս սարքը վնասվել է, ապա Հայաստանից հեռարձակվող բոլոր ալիքները, բացի Հ1-ից, պիտի անջատվեին»։

Հարություն Հարությունյանն ասաց, որ իրեն Արցախից ասել են՝ տեխնիկական խնդիր է, եւ խոստացել են վերականգնել։

Հարությունյանը պատմեց, որ Արցախ կապի տնօրենն իր հետ զրույցում ասել է, որ սարքը պատվիրել են Ֆրանսիայից, սակայն այսօր պարզվել է՝ սարքը Երեւանում է.

«Ես նրան հարցրի՝ որքա՞ն ժամանակից կգա, ասում էր՝ ինչ իմանամ, համավարակ է, գուցե մի ամսից կամ վեց ամսից գա, հստակ չեմ կարող ասել ու քիչ առաջ էլ տեսա՝ լրատվականներից մեկին հայտնել էր, որ սարքն արդեն Երեւանում է»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր են պատրաստվում անել այս առնչությամբ,  Հարությունյանն ասաց. «Որեւէ քայլ չեմ պատրաստվում անել, որովհետեւ ես Արցախը դիտարկում եմ որպես առանձին Հանրապետություն։ Եթե ինչ-որ բան պետք է անեն, ապա պետք է արցախցիներն անեն։ Մենք մեր մալուխային կապով հասնում ենք մինչեւ Արցախի սահման, մեր ազդանշանն այս պահին էլ հասանելի է, այսինքն՝ այս կողմում խոչընդոտ չկա»։

Հ/Ը-ի գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ իրենց ալիքն Արցախում մեծ լսարան ունի եւ արդեն մի քանի օր է, որ Արցախից զանգերը չեն դադարում. «Մինչեւ այստեղ մեծ լսարան ունենալը, Արցախում արդեն լսարանը մեծ էր։ Դա էլ, բնականաբար, նյարդայնացնում է Հայաստանի ոչ բարով պաշտոնյաներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ