Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
Տպավորություն է՝ Նահանգներում բացվել է ԱՄՆ դեսպանատուն, իսկ թե լուրջ, երկրում, որը մշտապես աշխարհին ներկայացել է որպես հումանիզմի, ազատությունների, մարդու իրավունքների ջատագով, քաոս է, ամենաթողություն, հակաօրինականություն։ Չխորանալով դետալների մեջ՝ միայն փաստենք՝ մարդու իրավունքների՝ ռասսայական խտրականության արդեն չարչրկված քողի ներքո՝ (մարդու դեմ ամեն վատը սովորաբար արվում է《հանուն》 իր իսկ իրավունքների) փողոց դուրս եկած《խաղաղ》ցուցարարները թալանում են խանութներն, ուժ գործադրում, դրսևորում հակաօրինական վարքագիծ, մինչդեռ կան նաև խաղաղ ցուցարարներ, ովքեր, համաչափ օգտվելով իրենց իրավունքներից, բողոքի սեփական ձայնն են բարձրացնում։ Այս իմաստով Նախագահ Թրամփը մեծ հաշվով իրավացի է՝ խաղաղ ցուցարարների հետ է, իսկ հանցագործներն անպայման պատժվելու են։ Օրերս Թրամփը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է ներգրավվեն նաև զինված ուժերն անկարգությունների դեմ պայքարում։ Առերևույթ չափազանց նման իրավիճակ է, ինչ 2008 թվականի գարնանը Հայաստանում՝ Մարտի 1֊ի դեպքերի ժամանակ, սակայն ակնհայտորեն խելամտությունից դուրս կհամարվի, թե որևէ մեկի մտքով այժմ անցնի սահմանադրական կարգի տապալում ձևակերպումը վերագրել Թրամփին, ում գործողություններն անկասկած լինելու են շատ ավելի կոշտ, հատկապես եթե տեղի ունենան《սակրալ》սպանություններ, մասսայական անկարգությունները դառնան անվերահսկելի, իրավիճակը հատի կառավարելիի շեմը։ Նույնիսկ ամերիկյան ուլտրալիբերալների մտքով չի անցնում Թրամփի գործողություններում քրեաիրավական տարրեր տեսնելը, քաղաքական իմաստով շահարկումներ արդեն կան ու դեռ անպայման կլինեն, բայց համաձայնեք՝ քրեաիրավական գնահատականն աբսուրդային կհնչի, մինչդեռ մեր կողքին գործունեություն ծավալող《իրավապաշտպանները》երկամյա կտրվածքով կուրծք են ծեծում՝ ՄԻԵԴ ֊ը սխա՜լ է, միջազգային կառույցների կոչերը զու՜ր են, իրավական համայնքը ծախվա՜ծ է, ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները նախկին ռեժիմի ծառանե՜ր են, ու միայն իրավացի է արմենդանիելյանական ֊ աննադանիբեկյանական դատարանն ու արթուրդավթյանական ֊ սասուն խաչատրյանական մեղադրանքը. զավե՜շտ է, այն էլ պայմաններում, որ Երկրորդ Նախագահի գործողությունները եղել են բացառապես օրինական՝ հաստատված այն ժամանակվա ԱԺ ֊ով։
Թրամփն, ըստ իս՝ և՛ իրավական, և՛ քաղաքական տեսանկյունից իրավացի է, նույն կերպ իրավացի էր Նախագահ Քոչարյանը տասներկու տարի առաջ, երբ որպես խաղաղ ցուցարար ինքնահռչակվածները ջանք ու եռանդ չէին խնայում տապալելու համար սահմանադրական կարգն, այս իմաստով առանց մանրանալու նշեմ միայն, որ մեկ տարուց ավել տևող հրապարակավ դատաքննությունը երևան չի բերել հակառակը փաստող գեթ մեկ հանգամանք, իսկ քրեական գործ կոչվող քաղաքական այս գործընթացի պատվիրատու վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ ստել՝《Մարտի 1֊ ն ամբողջ ծավալով, ամբողջապես բացահայտված է》և սուտն այդ այսօր արդեն աքսիոմի պես անառարկելի է։ Բնականաբար, նման իրավիճակում պետության գլուխը պետք է չընկրկի, չհանձնի պատեհապաշտ ամբոխին իշխանությունը, հակառակը՝ պետք է գործի պետական մտածողությամբ, շրջահայաց, սառնասիրտ, հաշվենկատ՝ վեր դասելով բացառապես պետական շահն, ինչպես Երկրորդ Նախագահը։
Գրառմանս ընդդիմախոսել ցանկացողները կհանդիմանեն, թե վերոհիշյալ կերպ չգործեց Երրորդ Նախագահը՝ Թրամփի գործողությունների ու ներհայաստանյան երկու՝ 2008թ. ֊ի ու 2018թ. ֊ի իրադարձությունների միջև համեմատականներ անցկացնելիս, ուստի կստացվի՝ ինքս ինձ հակասում եմ, որովհետև չեմ քննադատում Երրորդ Նախագահին իշխանությունը հանձնելու համար, վերջապես նույն իրավիճակն է՝ գունավոր հեղափոխության փորձ, խաղաղ ցուցարարներ ինքնահռչակված, բայց անհրաժեշտության դեպքում ամեն անօրինականության պատրաստ ամբոխ, օրինական իշխանությանն ուլտիմատում առաջադրած պետականախույս《հեղափոխականներ》. կարծում եմ՝ եթե նժարին դրված լիներ բացառապես այն, ինչ տեսանելի ու հասանելի էր մեզ երկու տարի առաջ ու մեծ հաշվով նաև այսօր, Սերժ Սարգսյանն անպայման կկասեցներ փաշինյանական՝ հակապետականության ու ապազգայնության դեռ Երևան չմտած քայլքը, մինչդեռ ուրախ եմ՝ առաջիններից եմ եղել, որ տոտալ փաշինյանականացման պայմաններում ու չհանդիսանալով նույնիսկ ՀՀԿ անդամ՝ բարձրաձայնել եմ《Չարյաց փոքրագույնի》մասին վարկածն ու հավատում եմ՝ Երրորդ Նախագահը վաղ, թե ուշ խոսելու է, վարկածս՝ հիմնավորվելու։
Չստացվի, թե Նահանգներում մարդիկ մեռնեն, ուրախանալու եմ կամ ուրախ եմ, որ զոհեր եղան Մարտի 1 ֊ին (ես հո Առաջին Նախագահը չե՞մ, որ ներկա վարչապետի՝ այնժամ իր հոգեզավակի ձեռամբ ի մահ տարված մարդկանց մահվամբ գոհ լինեմ) կամ《Թավշյա Հեղափոխությունն》անարյուն անցավ և այս ամենի հետ մեկտեղ ու մինչևիսկ մարդու իրավունքների հանդեպ ամենայն հարգանքով՝ մարդն, ըստ իս՝ բարձրագույն արժեք չէ, որևէ իրավունք, նույնիսկ կյանքի հիմնարար իրավունքը վեր չէ պետությունից՝ հանուն պետության մեռնելը հերոսություն է սերունդների աչքերում, մեռնողի ու սպանողի համար՝ ծանրագույն պարտք ու Փառք Աստծո՝ և՛ 2008, և՛ 2018 թվականներին խուսափեցինք սպանելուց հանուն պետության, այս իմաստով՝ պետությունը պետք է լինի կրոնը պետական գործչի։
Հ.Գ.《Եթե չհեռանաք, կմեռնեք》՝ այսօր ամերիկյան ազգային գվարդիան էր հայտարարում հոլիվուդյան ծառուղում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը