03 06 2020

Յուրաքանչյուր կյանքն անփոխարինելի է․ Լիա Իվանյանի հոդվածը

Յուրաքանչյուր կյանքն անփոխարինելի է․ Լիա Իվանյանի հոդվածը

Կորոնավիրուսի դեմ պայքարը մեր հանրապետությունում ողբալի վիճակում է՝ համավարակի սկզբում վարչապետի և առողջապահության նախարարի դրսևորած հանցագործ անլրջության, իսկ  հետագայում՝  պրոֆեսիոնալ թիմի բացակայության պատճառով։ Ամիսներ շարունակ պարետատան հակասական և անհեռատես  որոշումներն ավելի շատ ընկալվում են որպես փաշինյանական մտքի հերթական պայծառացումներ։  Բայց արի ու տես, որ  ըստ ապաշնորհ կառավարիչների՝ իրենցից բացի  մեղավոր են բոլորը, հատկապես քաղաքացիական ցածր պատասխանատվություն ունեցող ժողովուրդը։

Ներողություն, ո՞ր ժողովուրդը․․․ Այն ժողովուրդը, ում  շնորհիվ իշխանության եկա՞ք 2018-ի գարնանը։ Ում  884 640 ձայների շնորհիվ 2018-ի դեկտեմբերի 9-ից խորհրդարանում տաքուկ տեղավորվեցի՞ք։ Ում ձայներով Երևանի և այլ քաղաքների քաղաքապետեր   ու համայնքապետեր դասավորեցի՞ք։ Ում ծոցից պեղեցիք ստեղծեցիք ֆեյքերի կեղտաբերան բանակը և ուղղորդեցի՞ք ցանկացած այլակարծության դեմ։  Ձեր հենարանն է, որն իր զրոյական քաղաքացիական գիտակցությամբ  իշխանական աթոռներին նստացրեց  ձեզ։

Նրանք չեն փոխվել, պարզապես  հիմա էլ նույն անպատասխանատվությամբ համավարակին չեն հավատում և զլանում են օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցները։ Կարելի է ասել, փոխադարձ է,   քանի որ երկու տարում սուտն ու կեղծիքը դարձրեցիք առօրյա ապրելակերպ։ Եվ եթե երկու տարի իշխողներին ձեռնտու էին  այդ հատվածի մակերեսային  որակները, ապա համավարակի անկառավարելի  դառնալուն զուգընթաց ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, թե որքան   կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու բարձր ինքնագիտակցությունը։ Բայց փաստն այն է, որ  այսօրվա իշխանություները  հնձում են  իրենց  ցանած անպատասխանատվություն պտուղները՝  իրենց հրահանգներին մարդկանց լուրջ չվերաբերվելու տեսքով։

Չնսեմացնելով  հանրության պատասխանատվության կարևորությունը  համավարակի դեմ պայքարում, չենք կարող չասել, որ շատ  վիրավորական է ձախողման  ողջ  մեղքը ժողովրդի անբարեխղճության վրա բարդելը։ Սա միասնական պայքար պետք է լիներ, ոչ թե  իշխանության կողմից օրավուր պատիժներ խստացնելով՝ հանրությանը միայն պահանջներ ներկայացնել։ Հակառակի պես էլ, այս գործող վարչախմբի մոտ միայն մի բան է լավ ստացվում՝ տուգանել, ասֆալտին փռել,  բանտերը լցնել, վախ սերմանել, զուգահեռաբար՝  ԱԺ-ում «ափալ-թափալ» մարդկանց տուն ու գրպան  մտնելուն  ուղղված օրենքներ ու կոնվենցիաներ ընդունել։
Հարևան Վրաստանի օրինակով  տեսանք, որ եթե կառավարությունն իր վրա է վերցնում մարդկանց սոցիալական և ֆինանսական  խնդիրների լուծումը և   ամեն օր լվանում-ախտահանում է  փողոցները, հասարակությունն էլ իր հերթին  անտրտունջ ենթարկվում է սահմանափակումներին։ Եվ միասնական ջանքերով  վրացիները հաղթահարեցին կորոնավիրուսը նվազագույն կորուստներով։

Մի՞թե մեր հասարակությունն էլ ավելի համախմբված չէր լինի, եթե հենց սկզբից հակաճգնաժամային կառավարում լիներ, մասնագետներից կազմված հանձնաժողովը  տեղեկացներ ընթացքի մասին։ Թե չէ հանրապետության լավագույն մասնագետներին մի կողմ  թողած՝ վարչապետը դիմակ  կրելու մաստեր-կլաս է անցկացնում, առողջապահության նախարարն էլ  չարագուշակ  թվեր է կանխատեսում։ Եվ   միմիայն բժիշկների ու բուժաշխատողների անձնվեր աշխատանքի շնորհիվ ավելի վատթար վիճակում չենք։

Իսկ ի՞նչ է ուզում մեր սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական, ֆեյք-իրական  հասարակությունը․․․  բոլորն ուզում են  չվարակվել, չընկնել հիվանդանոց, չկորցնել մերձավորի։ Ժողովուրդն ուզում է լսել տասնյակ տարիների փորձ ունեցող բժիշկների և մասնագետների  խորքային լուրջ պարզաբանումներ։  Ուզում է վստահ լինել, որ հակահամաճարակային միջոցառումների կենտրոնում  յուրաքանչյուր մարդու կյանքն ու առողջությունն է ։ Ընդամենը երեք միլիոն հայաստանցի ենք, ամեն մարդու կյանքը մեզ համար անփոխարինելի  է, Չինաստան չենք, որ չզգանք հազար հոգու  ավել-պակաս լինելը։ 

Սստեղծեք, վերջապես, լավագույն մասնագետներից կազմված հակաճգնաժամային կենտրոն, որը որևէ առնչություն չունենա քաղաքական  նպատակահարմարությունների հետ և զբաղվի միայն համավարկը սանձելու հարցերով։
       

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ