Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Համավարակի հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ առայսօր գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Առայսօր իրականացվել է 923 թեստավորում:
Իր զեկույցում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է բանակում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության ներքո:
Քննարկման արդյունքում խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկությունները, համաձայն որոնց առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու պահանջները, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն գործունեության սահմանափակումներ: Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա:
Խորհրդակցության ավարտին նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը