Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․
«Հարգելի Ալեն Սիմոնյան,
Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ:
Երևի որևէ իշխանության գլխում գոնե ծագել է այն միտքը, որ լավ կլիներ այս երկու ինստիտուտները չլինեին, որպեսզի հանգիստ դատեին ում ուզում են և ոնց ուզում են, ազատորեն անեին այն, ինչ ուզում են:
Ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից, իսկ ապագայում Ձեր թիմակիցներին են պաշտպանելու հաջորդ իշխանությունից:
Վստահեցնում եմ, որ Ձեր և մեր բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ փաստաբանական և լրագրողական համայնքներ:
Կցում եմ փաստաբանի մասնագիտական գործունեության վերաբերյալ մոտ 2 տարի առաջ հրապարակված իրազեկումը:
Հ.Գ. Երբ բարձրաստիճան պաշտոնյան փաստաբաններին կամ լրագրողներին է ներկայացնում, որպես հանցակից առանց կոնկրետացնելու, ապա հասարակության մեջ այս ինստիտուտների նկատմամբ անվստահություն (եթե չնշեմ ատելություն) է սերմանվում: Այս իրավիճակում փաստաբաններ և լրագրողներ բառերը չակերտների մեջ նշելը ոչինչ չի փոխելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը