Սմբատ Գոգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, որ հետ կվերցնի ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմումը։
«Եթե չեմ սխալվում՝ երեք օրվա ժամկետ կա աշխատանքային օրենսգրքով դիմումը հետ վերցնելու համար, պետք է նայել։ Այդ երեք օրը վաղուց անցել է», - ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպումից հետո նշեց Սմբատ Գոգյանը։
Անդրադառնալով հրաժարականի պատճառներին՝ Գոգյանը նշեց․ «Ընտրեցի պայքարի այս եղանակը»։
Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն որակավորման նախահագի պաշտոնից՝ նշելով, որ կրթության ու գիտության բարեփոխումների վերաբերյալ իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ։
ԱԺ հանձնաժողովի փակ նիստում չի քննարկվել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի հարցը։ Այս մասին լրագրողներին իր հերթին հայտնեց փոխնախարարը։
«Նմանատիպ հարց չի քննարկվել»,- լրագրողների հարցին ի պատասխան նշեց նա՝ հավելելով․ «Նման հանդիպումները արդյունավետ են, ինձ հարցեր են ուղղվել, ես դրանց պատասխանել եմ, մնացած հարցերի հետ կապված․․․»։
Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր հերթին հայտնեց․
«Հանձնաժողովի նիստը բավականին կառուցողական անցավ, թեպետ տեղ-տեղ կարող էր նաեւ հուզական լինել, բայց ես բավականին գոհ եմ եւ առավել քան վստահ եմ, որ հետագա մեր գործունեության համար բավական օգտակար եւ արդյունավետ աշխատանք իրականացրինք այսօր։ Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռեւս չի ստորագրվել վարչապետի կողմից։ Գոգյանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդը այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հովանավորչության հետ եւ մենք, որպես ոլորտում խորհրդարանական վերահսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել այդ քննարկումը բերել պառլամենտ, խորհրդարանի շենքի ներսում լսենք բոլոր շահագրգիռ կողմերին»,– ասաց նա։
«Պետք է ասեմ, որ չի բացառվում, որ ապագայում եւս կլինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետեւ կարծում եմ՝ ոչ բոլոր հարցերը այսօր հասցրինք սպառել, բայց կարեւոր էր, որ այն անցներ անկաշկանդ մթնոլորտում եւ հնարավորինս անկեղծ եւ բաց միջավայր ապահովեցինք բանախոսների համար։ Ինչպես նաեւ փակ միջավայրում թե՛ փոխնախարարը, եւ թե՛ ԲՈԿ նախագահը առավելագույնս բաց ներկայացրին իրենց քննադատությունները, մեղադրանքները և հակափաստարկները»։
Դռնփակ ձեւաչափը իրենից ենթադրում է, որ այս փուլում ես չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո, դրան շատ մեծ անդրադարձ եղավ այսօրվա նիստում եւ ես կարող եմ ասել, որ լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ չափով բավարարվեցին, ես հիմա զերծ կմնամ ասելուց։
Հանուն արդարության պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանը ամենաշատ ԱԺ այցելած նախարարն է։ Սա նաեւ խոսում է մեր հանձնաժողովի եւ տվյալ գերատեսչության միջեւ սերտ համագործակցության մասին։ Նպատակահարմար ենք գտել, որ կոնկրետ խնդրի հասցեատերը ներկայանա Ազգային ժողով, նրան ուղղվեն այդ հարցադրումները եւ հարկ եղած դեպքում, չկասկածեք, որ ԱԺ կհրավիրվի նաեւ նախարարը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը