Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Կապան միացիր», և պահանջում են, որ ձերբակալված երիտասարդներին վերաբերող գործը քննվի Կապանում: Ակցիայի մասնակիցներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք համաձայն են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գա և պարզաբանում տա տեղի ունեցածի վերաբերյալ, ինչին մյուս ցուցարարները դրական արձագանքեցին:
Ցուցարարների խոսքով՝ եթե պարզվի, որ տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի, ապա իրենք իրենց ակցիաները կազմակերպելու են նստացույցներով, հացադուլներով, ճանապարհները փակելով:
Ժամը 18:30-ին Կապանի ոստիկանության տարածք եկավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով հավաքվածներին դիմելով ասաց, որ համաձայն չէ նրանց պնդումների հետ, թե կատարվողը քաղաքական հետապնդում է: Նրա խոսքով՝ ձերբակալություններն իրավական հարթությունում են:
Մարզպետը նաև նշեց, որ քանի որ գործը հարուցված է Երևանում, ապա ձերբակալվածներին պետք է տեղափոխեն Երևան, նա ասաց, որ անտեղի որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:
Այնուհետև Հունան Պողոսյանն առաջարկեց մի քանի մարդկանց հետ գնալ ոստիկանություն և միասին ծանոթանալ գործի հանգամանքներին, ցուցարարները չհամաձայնեցին՝ նշելով, որ թեև ցանկություն չունեն քաղաքականացնելու տեղի ունեցողը, սակայն այդ առումով մտավախություններ ունեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը