Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվությունից։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:
Զրուցակիցները դիտարկեցին նաեւ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման եւ նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը