Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այսօրվա հայտարարություններին, թե բանկային կեղծ երաշխիքներով երկու կազմակերպություններ մասնակցել մրցույթների, քաղաքապետարանը կեղծիքը բացահայտել է, սակայն դրա մասին չի իրազեկել հանրությանը:
Հակոբ Կարապետյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարություն է արել քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի եւ «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների վերաբերյալ: Պարոն Խաժակյանի առաջին գրառումը խնդրի մասին եղել է մայիսի 16 -ին:
Հայտնում ենք, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, եւ քաղաքապետը հանձնարարել է առերեւույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին:
Այսպես, քաղաքապետարանի գնումների վարչությունը 30.04.2020թ. էլեկտրոնային փոստի միջոցով Ամերիաբանկ ՓԲԸ-ին ներկայացրել է «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի եւ «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված թվով 4 երաշխիքների պատճենները՝ երաշխիքների իսկությունը ճշտելու նպատակով, որին ի պատասխան բանկը տեղեկացրել է, որ երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից եւ հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:
Երեւանի քաղաքապետարանը 05.05.2020թ. պաշտոնական գրությամբ հարցում է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի եւ «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բոլոր երաշխիքների մասով, ինչին ի պատասխան բանկը 11.05.2020թ. տեղեկացրել է, որ բոլոր երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից եւ հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝14.05.2020 թվականին պատվիրատուն՝ Երեւանի քաղաքապետարանը, միակողմանիորեն լուծել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ 20.04.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/27» եւ «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/41» ծածկագրերով պայմանագրերը, 15.05.2020 թվականին՝ լուծվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջեւ 20.02.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/12» եւ «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/13» ծածկագրերով պայմանագրերը, նաեւ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի եւ «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում («սեւ ցուցակում») ներառելու նպատակով:
Իսկ մինչ այդ՝ 12.05.2020-ին Երեւանի քաղաքապետը իրավաբանական վարչությանը հանձնարարական է տվել՝ վերը նշված հանգամանքների մասին ծանուցել իրավապահ մարմիններին:
Ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկանը, թե քաղաքապետարանը պայմանագրերի լուծման եւ դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը», հայտնում ենք, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով պայմանագրեր են լուծարվում եւ/կամ «սեւ ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները: Անհրաժեշտության դեպքում ենթադրյալ հանցակազմի առկայության մասին ծանուցումներ են ուղարկվում նաեւ իրավապահ մարմիններին: Նմանատիպ գործընթացները բազմակի են եւ հանրային իրազեկման անհրաժեշտություն չեն ենթադրում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը