Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում եւ նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:
Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:
Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերեւույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:
Ցավոք, այսօր տեսնում ենք նաեւ այնպիսի երեւույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ եւ բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարեւորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետեւանքեր ենթադրող խնդիր է:
Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջեւ, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր եւ լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:
Սեր եւ ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին եւ Արցախին:
Աստված բոլորիս պահապան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը