Նորընտիր Խորհրդարանի ձեւավորման կարեւոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ավելի քան երկու հարյուր հիսուն պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի եւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար:
Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն:
Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից անմիջապես հետո»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը