12 05 2020

Մակունցի պայմանը համարում եմ անարդար և անիմաստ քայլ․ ԼՀԿ պատգամավոր

Մակունցի պայմանը համարում եմ անարդար և անիմաստ քայլ․ ԼՀԿ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր իշխանության ներկայացուցիչն իր առաջարկով կրկին փորձ արեց եղելությունը աղավաղել, խեղաթյուրել և դավադրության վրա հիմնվելով` քաղաքականությունը տանել իրենց ձեռնտու ուղղությամբ: Կարծես, շախմատային տրամաբանությամբ են առաջնորդվում, և, իրենց հաշվարկով, մի քայլով երկու խնդիր են ուզում լուծել. մի կողմից, շախմատային լեզվով ասած, «զոհաբերել» իրենց համար անցանկալի իրավիճակում հայտնված անձանց, իսկ մյուս կողմից՝ պառակտում առաջացնել քաղաքական հակառակորդի դաշտում: Բայց այս մարդիկ չեն գիտակցում, որ այս ամոթալի միջադեպը ոչ մեկիս հաղթանակը կամ պարտությունը չէ: Սա բոլորիս պարտությունն է, երկրի, պետականության և, մասնավորապես, ԱԺ-ի հեղինակության հարցն է:

Ես այդ խայտառակ միջադեպից ամաչում եմ, ամաչում եմ նաև իրենց փոխարեն:

Մինչև հիմա մտքիս մեջ դաջվել է այդ օրվա նիստի ընդմիջումից հետո որոշ պատգամավորների հաղթական կեցվածքը, հրճվանքը, մաղձը, զզվանք հարուցող դեմքերը: Իսկապես, խղճահարություն առաջացավ իմ մեջ: Չգիտեմ` ում հաղթեցին, ինչ հաղթեցին: Իսկ հիմա այդ կատարվածից դասեր քաղելու փոխարեն խորացնում են լարվածությունը:

Իսկ տիկին Մակունցի ելույթով` իմ և պարոն Այվազյանի համատեքստում, ընդամենը փորձ արվեց Պարոն Ղալումյանի արարքը համարժեք հարթության մեջ դնել մեր երկուսիս գործողությունների հետ, ինչը առնվազն անարդար է: Նույնիսկ եթե կարողանան հասարակության մի հատվածի մոտ խաբկանք ստեղծել, միթե սա վիրավորանք չէ ամբողջ հանրությանը: Որքա՞ն պետք է ցածրանան, ի՞նչ հաշվարկներ են անում:

Հույս եմ հայտնում, որ պարոն Ղալումյանը և ականատեսները ազնվորեն կասեն ճշմարտությունը. որ ես բացի պարոն Ղալումյանի հետագա քայլերը կանխելու նպատակով վերջինիս հետ քաշելուց ( ինչի ընթացքում նա ընկավ), ոչ մի հարված չեմ հասցրել իրեն: Ամեն դեպքում, մենք գոնե հաց ենք կիսել իրար հետ. իսկ ինձ ճանաչողները գիտեն, որ ես ընկածին չեմ հարվածում:

Ես տիկին Մակունցի պայմանը համարում եմ անարդար և քաղաքական առումով` անիմաստ քայլ:

Կրկին ներողություն եմ խնդրում մեր հանրությունից բոլոր պատգամավորների փոխարեն: Սա չպետք է լիներ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ