Մենք արդեն դատապարտել ենք տեղի ունեցած միջադեպը, դատապարտել ենք այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքի, դատապարտել ենք, որ անկախ տեղի ունեցող երևույթներից, անկախ սադրանքից, մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք նաև մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ոտնահարելը: Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի նիստում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել՝ պարբերաբար հայտարարություններով և առանձին պատգամավորների հայտարարություններով, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս իր ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Այո, այստեղ պետք է քաղաքական հետևանք լինի, և Սասուն Միքայելյանի առաջարկով նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր կդնեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը»,- ասաց Լիլիթ Մակունցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը