08 05 2020

Շուշին ազատագրողները մեղադրյալի աթոռին են․ սա բոլորիս ամոթն է․ Վիտալի Բալասանյան

Շուշին ազատագրողները մեղադրյալի աթոռին են․ սա բոլորիս ամոթն է․ Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում նշվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Մայիսի 8-ին լրանում է բերդաքաղաք Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին։
Արցախյան գոյամարտի ժամանակ մենք բազում հաղթական գործողություններ ենք իրականացրել, բայց Շուշիի ազատագրումն առանձնանում է իր ռազմավարական նշանակությամբ ու խորհրդանշականությամբ։
Այդ ռազմագործողությամբ հայկական զինուժին հաջողվեց դադարեցնել Ստեփանակերտի գլխին թափվող կրակը։ Բացի այդ՝ Շուշիի ազատագրմամբ խորհրդանշական ձևով վերահաստատվեց հայկական Արցախի ազատ ապրելու իրավունքը։

Ցավով պետք է արձանագրեմ, որ բովանդակ հայության համար խորհրդանշական դարձած այդ օրը ստվերվում է խայտառակ դատավարությամբ, որը կրկին խորհրդանշական է դառնում։ Դատավարություն, որի շրջանակներում անհիմն մեղադրանքներով անազատության մեջ է պահվում Շուշիի ազատագրման օպերացիային զենքը ձեռքին մասնակցած, պատերազմի տարիներին ԼՂ պետական պաշտպանության կոմիտեն ղեկավարած, Արցախի Հանրապետության 1-ին ու Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը։
 

Դատավարություն, որի ընթացքում դատվում են ազատամարտին մասնակցած և մեր բանակաշինության գործում իրենց ավանդն ունեցող գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։
 

Մայիսի 8-ին դատարանի դահլիճում լինելու են պատերազմում հաղթած մարդիկ։ Նրանք, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայ ժողովրդի հաղթանակի ու ազատության։
 

Ճակատագրի հեգնանքն այն է, որ Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանում դատեցին իրենց զինվորական վերնախավին՝ քաղաքը հանձնելու համար, իսկ այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները։ Սա մեր բոլորիս ամոթն է և պետք է ամեն ինչ անել այս խարանը մեր վրայից մաքրելու համար։

Համոզված եմ, որ ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իրենց տեղն են դնելու։
Մենք մերժելու ենք պարտվողականությունը և գնալու ենք դեպի նոր հաղթանակներ։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ