07 05 2020

ԼՂ հարցով մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի եղել․ Կանադայի ԱԳՆ

ԼՂ հարցով մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չի եղել․ Կանադայի ԱԳՆ

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Կանադայի Հայկական ազգային հանձնաժողովին (ANCC) հղած նամակում պարզաբանում է ներկայացրել երկրի դիրքորոշման վերաբերյալ ԼՂ հակամարտության հարցում։ Այս մասին հայտնում է ANCC-ը։

Նախարարը հայտարարել է, որ Կանադան լիակատար աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ինքնորոշման սկզբունքը։

«ԼՂ հարցով մեր վաղեմի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Կանադայի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռական և հետեւողական գործունեության վրա, որն ուղղված է բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելուն, եւ մեր դիրքորոշումը չի կանխորոշում այդ գործընթացի ելքը։ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ ցանկացած բանաձեւ պետք է նկատի ունենա Հելսինկյան եզրափակիչ դրույթը»,-նշել է Կանադայի ԱԳՆ-ն։

Ապրիլի 3-ին ANCC-ը նամակ էր հղել Կանադայի ԱԳՆ ղեկավարին և մտահոգություն հայտնել Անկարայում Կանադայի դեսպանության թվիթերյան գրառման հարցով։ Իր թվիթում Կանադայի դեսպանությունը աջակցություն էր հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» եւ չէր ճանաչել Արցախում անցկացված ազատ եւ արդար ընտրությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ