«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Մարտի 17-ին բացվեց «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարը։ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, ապրիլի 28-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,055 559 226 ՀՀ դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3952:
Մինչ օրս պատկան մարմինների կողմից չի ներկայացվել ամբողջական հաշվետվություն այն մասին, թե ինչ նպատակներով են ծախսվում վերոնշյալ հաշվեհամարին մուտքագրված գումարները, ի՞նչ եղանակով է կատարվում գնումների գործընթացն՝ արդյոք գնումները կատարվում են մեկ անձից ձեռքբերման միջոցով, թե ոչ, ի՞նչ ընկերություններից են կատարվում գնումներն, ի՞նչ առաջնահերթություններ են սահմանվել հավաքված գումարն օգտագործելիս և այլն։
«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը կոչ է անում Ֆինանսների նախարարությանը կատարել իր անմիջական պարտականությունը և պահպանելով թափանցիկության սկզբունքը՝ հրապարակել մանրամասն հաշվետվություն հավաքված գումարների օգտագործման վերաբերյալ՝ ներկայացնելով ձեռքբերված ապրանքատեսակներն ու ծառայությունները, մատակարարող ընկերությունների մասին տվյալները և այլն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը