06 05 2020

Պն նախարարը երևի ավելի շատ բան ունի պատմելու այս թեմայով, քան պատմել է. Տիգրան Ուրիխանյանը` Վարչապետին

Պն նախարարը երևի ավելի շատ բան ունի պատմելու այս թեմայով, քան պատմել է. Տիգրան Ուրիխանյանը` Վարչապետին

Վերջին 2 տարում 9 անգամ աջակցության ձեռք եմ պարզել կառավարությանը՝ երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Այս մասին, մայիսի 6-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Դուք վերջին 4 անգամ համաձայնել եք, որ խնդիրն առկա է, իսկ վերջին հարցուպատասխանի ժամանակ արձանագրեցինք, որ ՊՎԾ-ն պետք է ստուգումներ անի ու պարզի, թե որտեղ է 87 հազար նոր աշխատատեղերից Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները: Բացահայտվել է 87 հազար աշխատատեղ, հետեւաբար, 870 մլն դրամ պետք է ամսական փոխանցվի զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամին, որը չի երևացել: Ես նստած սպասում եմ ՊՎԾ ստուգումներին, բայց դրա դիմաց ստանում եմ կառավարության որոշումը, որով կառավարության քվոտայով նշանակված Տիգրան Ուրիխանյանը հանվում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից: Ի՞նչն էր խանգարում, որ Տիգրան Ուրիխանյանը շրունակել օգնել երկրին, իշխանությանը: հասնեինք այդ խնդրի լուծմանը, նոր հանեիք ինձ էդ հիմնադրամից, էլի»,- ասաց Ուրիխանյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարոն Ուրիխանյան, ես կարծում եմ, որ ընթացիկ կարգավիճակում դուք ավելի մեծ օգնություն ցույց կտաք: Որովհետև դուք Հոգաբարձուների խորհրդի անդամ էիք, որ այդ հարցերը ձեզ մոտ չծագեին: Դուք գնայիք այդ հարցերի պատասխանը գտնեիք: ՊՎԾ-ի հետ կապված, օրենսդրական խնդիր առաջացավ, պարզվեց, որ  ՊՎԾ-ն իրավասություն չունի այնտեղ ստուգել: Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ինձ համար շատ դժվար է դա հասկանալ, ես սա նաև պաշտպանության նախարարի հետ եմ քննարկել, այդտեղ ինչ-որ հաշվապահական նրբություններ կան, որից իրականությունը չի փոխվում: Այն թվերը, որ ես ասում եմ, դրանց համար հարկային հաշվետվություն է ներկայացված, աշխատավարձ ու երկմտային հարկ է վճարված: Այն խնդիրը, որի մասին խոսում եք, կարող է կապված լինել հիմնադրամին 1000 դրամների վճարման ցիկլերի և օրենսդրական նրբությունների հետ: Ուրիշ թեմա չկա այդտեղ: Այդտեղ նույնիսկ ստուգելու կարիք չկա: Այդ գումարները գնում են ՊԵԿ, այնտեղից փոխանցվում են հիմնադրամին: Դա ավտոմատացված համակարգ է, մարդու միջամտությունը զրո է»:

Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց. «Պաշտպանության նախարարը երևի մի քիչ ավելի շատ բան ունի պատմելու այս թեմայով, քան պատմել է: 6 ամսվա կտրվածքով ցույց եմ տվել, որտեղ էլի էդ փողը չկա: Դատախազությունից թուղթ եմ ցույց տվել, որ գաղտնի ծախսեր են իրականացվել: վերջապես ձեր օգնականից գրություն ունեի, որ 1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել: Ինչ որ ասում եք, այո, այդպես է, հարց չկա, բայց փողն ուր է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ