06 05 2020

Եթե ուզենանք ունենալ խամաճիկային դատական համակարգ, մեկ-երկու զանգը բավարար կլինի․ Նիկոլ Փաշինյան

Եթե ուզենանք ունենալ խամաճիկային դատական համակարգ, մեկ-երկու զանգը բավարար կլինի․ Նիկոլ Փաշինյան

Եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հնի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, վաղուց հարցը լուծած կլինեինք՝ դրա համար մեկ-երկու զանգը, կամ զանգի բացակայությունը բավարար կլիներ: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ-ում կառավարության 2019թ.-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ չեն կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական իշխանության հարցը. «Դրա համար կա մեկ պատճառ՝ մենք իրոք ուզում ենք, որ լինի նման համակարգ: Ոչ թե մենք ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ ուզում ենք անկախ դատական համակարգ»:

Նա ընդգծեց, որ իշխանության 2019-ի ամենամեծ ձախողումը եղել է ՀՀ ժողովրդի գողացված փողերի վերադարձի գործընթացը. «Ես պետք է խոստովանեմ, որ այո, մենք այդտեղ ունենք անհաջողություն: Դա ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Չնայած այս ընթացքում ՀՔԾ-ն 7 անգամ ավելի շատ գումար է վերադարձրել բյուջե, քան իր ողջ պատմության ընթացքում: Այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ: Դրանք ունեն մի քանի շերտեր: Առաջինը, ուզում եմ լիարժեք խոստովանել, որ դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ: Այն, ինչ ունենք, այն նախադրյալները, որ ունենք, ունենք այդ բարձր պրոֆեսիոնալների աշխատանքի շնորհիվ: Նախկինում սա չեմ ասել, որովհետեւ ուզեցել եմ համոզվել, նոր ասել, չեմ ուզեցել դեկլարատիվ հայտարարություններ անել: Բայց մեր դատաիրավական եւ իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և կան դավաճաններ: Դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, մտքով անգրագետ»,- հայտարարեց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ