04 05 2020

Կառավարության միջոցներն ակնհայտորեն տապալված են․ Փաստահավաք խումբ

Կառավարության միջոցներն ակնհայտորեն տապալված են․ Փաստահավաք խումբ

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն տապալված են՝ պայմանավորված ապաշնորհ կառավարմամբ: Այս մասին նշված է «COVID-19 Հայաստան». փաստահավաք խմբի ֆեյսբուքյան հայտարարությունում։

«Հայտարարված արտակարգ դրության իրավական գործիքները կիրառվել են և կիրառվում են թերի, ժամանակավրեպ, առանց համապարփակ բժշկական, տնտեսագիտական և իրավական վերլուծությունների, ինչի մասին են վկայում ինքնամեկուսացման, ազատ տեղաշարժի իրավունքների անիմաստ և չիրականացված սահմանափակումները, սոցիալ- տնտեսական օրեցօր վատթարացող իրավիճակը, բժշկական միջոցառումների անարդյունավետությունը (անկախ բուժաշխատողների ազնիվ ու ազգանվեր աշխատանքից), ինչը փաստում է վարակակիրների թվի աճն, առողջացածների մոտ հիվանդության կրկնությունը, մահվան դեպքերի աճը»:

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը  խոստանում է Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո մանրամասն ներկայացնել փաստեր, որոնք «հերթական անգամ կապացուցեն կառավարության անփույթ, անպատասխանատու և անլուրջ գործելաոճն, ինչպես մինչև Արտակարգ դրություն հայտարարելն, այնպես էլ դրանից հետո»:

«Մինչ այդ արձանագրենք, որ կառավարության համառ դժկամությունը կամ պարզապես անկարողությունն իրականացնելու արդյունավետ միջոցառումներ՝ ոլորտների արհեստավարժ մասնագետների օգնությամբ, վկայում է այն մասին, որ մարդկանց պաշտպանությունը համավարակից թողնվել է մարդկանց հույսին, պարզ ասած, կառավարությունը որդեգրել է Օստապ Բենդերի հնչեցրած «Спасение утопающих, это дело рук самих утопающих» (Խեղդվողների փրկությունը՝ իրենց ձեռքերում է՝ խմբ․) սկզբունքը», նշել են Փաստահավաք խմբի անդամները եւ ամփոփել․

«Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կառավարությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ