Եղել են մեկնաբանություններ իմ մակարդակով, խոսնակի մակարդակով, հիմա մենք պետք է բնականոն շարունակենք աշխատել: Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե չնայած իրենց հավաստիացումներին, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում պարզվեց կա փաստաթուղթ:
«Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա»,- ասաց նա:
Հարցին, թե այստեղ ընկալումների տարբերության խնդիր չկա՞, Մնացականյանն արձագանքեց. «Մենք ՌԴ-ի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը ներառում է նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան...այդ առումով մենք այս երկու տարվա մեջ ունենք շարունակական բավական ընդարձակ աշխատանք, ընդարձակ հնարավորություններ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին:
Այդ առումով հիմա մի շրջան է, երբ պետք է ուղղակի սպասել և պահպանելով կայունությունն ու զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը: Հետո նորից ներգրավվել աշխատանքներում: Մեր վերջին հանդիպումը Ժնևում էր, բավական ինտենսիվ աշխատանք էր բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են թե բովանդակային մասով, թե բոլոր այն հարցերին, որոնք հավասարաչափ նշանակություն ունեն: Դա առաջին հերթին վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրին:Մենք բոլոր այդ հարցերի շուրջ ունենք ծրագրված բաներ: Հիմա ես ուղղակի անհամբեր սպասում եմ, որ հնարավոր կլինի անցնել բնականոն աշխատանքի»,-հայտարարեց նախարարը:
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին Մնացականյանը նշեց․ «Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է, որտեղ մենք ունենք հարցեր»
«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Մենք ունենք խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք համենայնդեպս մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասաց նա:
Գազի հարցը, ըստ արտգործախարարի, չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը