02 05 2020

«Հայկական ժամանակի» հայտնի, բայց անանուն հեղինակի մի հոդվածի վերաբերյալ

«Հայկական ժամանակի» հայտնի, բայց անանուն հեղինակի մի հոդվածի վերաբերյալ

«Հայկական ժամանակ»-ի հերթական «անանուն», բայց խիստ հայտնի հեղինակի խմբագրականը մայիսի 2-ին վերնագրված էր «Ով անջատի՝ ում դեմ բողոքեն»: Նրանում փորձ էր արվում վերլուծել, իսկ իրականում՝ արդարանալ՝ հռետորական հարց տալով, թե ինչո՞ւ են բողոքում կառավարությունից ու վարչապետից, հոսանքի և գազի անջատումների համար, այլ ոչ՝ Գազպռոմից ու ՀԷՑ-ից:

«Թեև դժգոհությունների թիրախում, հասկանալի պատճառներով, հայտնվել է կառավարությունը, բայց իրականում չվճարումների դիմաց բաժանորդների գազն ու հոսանքն անջատողը ոչ թե կառավարությունն է, այլ այդ ծառայությունները մատուցող ընկերությունները, իսկ կառավարությունն ընդամենը կարող էր կամ կտրականապես արգելել դա, կամ թույլատրել՝ որոշակի վերապահումներով»- մեջբերում հոդվածից:

Անդրադարձի հայտնի հեղինակը ուզում է ասել որ, դե կառավարությունը ինչ կարող էր անել, արել է, մնացածն այդ ծառայությունները մատուցող ընկերություններն են որոշում: Բայց մոռանում է, միգուցե՝ միտումնավոր, թե այս խառնաշփոթը ինչից սկսվեց: Մոռանում է, որ սկզբից հենց ինքը հայտարարեց, որ կոմունալների չվճարելու պարագայում, հոսանքի և գազի անջատում չի լինի: Ամեն բան սկսվեց հենց այդ պահից: Մարդիկ որոշեցին, որ հեսա, կառավարությունն ինչ-որ լուծումներ ունի, մտածել են՝ կարող են, գոնե էս մի ծախսի մասին չմտածել: Իսկ ինչ կատարվեց հետո, շատ հուզիչ է:

Ըստ երևույթին, վարչապետի մոտ են վազում ոլորտների պատասխանատուներ, գործից հասկացող թմի անդամներ՝ բացատրելու, որ ուղղակի չի կարելի բռնել և հայտարարել, որ կարող են չմուծել ստացած ծառայությունների դիմաց: Ասում է, դե ինչ է եղե՞լ որ, թող մի քանի ամսվա վճարները չստանան՝ նկատի ունենալով ՀԷՑ-ին ու Գազպրոմին: Բացատրում են, որ ամեն բան մենակ ընկերությունների ուզել-չուզելով չի, միգուցե նրանք դեմ էլ չեն, սակայն ակնարկում են, որ նույն այդ չվճարած ծառայությունների հարկերը չենք կարող ուզել, այդ դեպքում: Կարող են, չէ՞, ասել՝ դիմանալ՝ դիմանալ, դուք էլ դիմացեք. երբ կվճարեն՝ մենք էլ հարկերը կտանք: Նստում, հաշվում են, ստացվում է, որ եթե այդ խոշոր ընկերությունները գեթ մեկ ամիս թերի վճարումներ անեն, այն էլ՝ այս ճգնաժամային փուլում, սոցիալական, պետական և բյուջեով նախատեսված այլ ծախսեր, հնարավոր չի լինի կատարել: Քննարկում են ու հասկանալով, որ այլ հնար չկա, որոշում են մի կերպ վարչապետի տված խոստումը հետ ֆռացնել: Հանձնարարվում է, որ ՀԾԿ Հանձնաժողովը հայտարարություն տարածի՝ բացատրելով, որ արտակարգ դրությունը ֆորս-մաժոր չէ, և որ անհրաժեշտ է վճարումները կատարել ժամանակին: Հաջորդ իսկ օրը նմանատիպ հայտարարություններ են տարածում, Գազպրոմն ու ՀԷՑ-ը՝ հայտնելով, որ եթե մինչ ապրիլի 22 վճարում չկատարեն, կանջատվի հոսանքն ու գազը:

Հետո սպասում են մեկ-երկու օր, տեսնելով, որ մարդիկ, այնուամենայնիվ, հավատացած են, որ վարչապետը մի բան կանի և չեն վճարում, եթեր է մտնում վարչապետը, թե՝ ժողովուրդ, վճարեք՝ յա՛, ամոթ է: Նույն օրը էլի է եթեր մտնում, թե բա՝ կառավարությունն էդքան փող է փոխհատուցել, պարզվում է՝ անգամ նրանց, ովքեր դրա կարիքը չուներին, հանե՛ք-վճարեք ձեր կարիքավոր հարևանների համար: Մարդիկ, բնականաբար դեռ շարունակում են չվճարել, որոշները՝ որովհետև այլևս չունեն այդ փողը, ծախսել են, որոշները՝ դեռ հույս ունենալով, որ «ժողովրդի վարչապետը» մի բան կանի: Իսկ ով պարտաճանաչ էր և հասկացել էր, որ դա ընդամենը վարչապետի ոչինչ չլուծող, պահի համար ընտրված որոշում էր և խիստ ժամանակավոր, վճարել էր հենց սկզբից՝ ժամանակին: Հիմա վարչապետը, չխոստովանելով, որ այս ամենն իր եփածն է, սկզբում գցում է անպարտաճանաչ ժողովրդի վրա՝ ամոթանք տալով. վերջում էլ, փաստորեն, գցում է այդ ընկերությունների վրա, թե՝ անջատողը ես չեմ, ոչ էլ՝ միացնողը, ինձանից «յան տվեք»:   

Այդ ամենն այսպես է նկարագրում հայտնի անանուն հեղինակը. «Իհարկե՝ այդ խանութների սեփականատերերը /խմբ. նկատի ունենալով ծառայություն մատուցող ընկերություններին/ կարող են ըմբռնումով մոտենալ մարդկանց սոցիալական վիճակին եւ սեփական նախաձեռնությամբ մարդկանց ապառիկով հաց վաճառել, բայց փաստն այն է, որ էլեկտրաէներգիա եւ գազմատակարարող ընկերություններն այդպիսի նախաձեռնություն չեն ցուցաբերում եւ «ըմբռնումով չեն մոտենում»: Ահա այասպես, ուղղակի թիրախավորելով, ուզելով ասել, թե՝ տեսեք, կարող էին մարդկային գտնվեին, բայց դե հո բոլորը իմ և մեր կառավարության նման չե՞ն, որ միայն ժողովրդի մասին մտածեն: Փաստորեն, հեռակա կարգով, Գազպրոմին ու ՀԷՑ-ին, այն է՝ պետության խոշոր տնտեսվարող գործընկերներին և հարկատուներին մեղադրում է այս ծանր շրջանում բարոյական և մարդկային պատասխանատվություն չկրելու մեջ:  

Հայտնի, բայց անանուն հոդվածագիրն իր հրապարակումը շարունակում է մտավարժանքներով, թե ի՞նչն էր տաճառն այս անջատումների մասով, ի՞նչ էր պետք անել, որ դեպքում՝ ոնց, ով ինչպես, որտեղից և ինչ փող էր ստանում, հիմա չի ստանում և այլն և այլն՝ փորձելով էլի մեղք ունեցողներ փնտրել, օբյեկտիվ պատճառներ գտնել: Բայց մեկ է՝ որևէ տեղ չխոստովանելով և միտումնավոր լռելով, թե խնդիրը երբ և ումից սկսեց: Իսկ խնդիրը, պարզվեց, միայն հերթական անպատասխանատու հայտարարություն չէր, այլ այս անգամ հանգեցրեց շատ ավելի լուրջ հետևանքների, քան սպասում էր վարչապետը:

Իսկ վերջում հիշում է իր ամենից սիրած թեման և թիրախներին. մեջբերեմ. «Իսկ այս իրավիճակը շահարկողներն ավելի լավ կլինի փորձեն հիշել, թե երբ եւ ում ջանքերով են Հայաստանի կենսական ենթակառուցվածքները հանձնվել օտարերկրյա ընկերություններին, ընդորում՝ մենաշնորհային պայմաններով»: «Էս էլ սենց»,- գրելու վերջում երևի ուրախացել է հայտնի անանունը: Հեղինակն ուզում է ասել, որ եթե այդ ընկերությունները չլինեին ռուսի կամ ռուսական կապիտալով մեկի, այլ ուրիշ մեկի ձեռքում, ժողովրդից այս նեղ պահին փող չէին ուզի ու որ ռուսի ձեռքում են, դրանում էլի նախկիններն են մեղավոր: Զավեշտ. կարծես թե, եթե այդ ենթակառուցվածքները լինեին պետական ու նրանց ղեկավար լինեին, օրինակ՝ Մխիթար Հայրապետյանը /նախկին Սփյուռքի նախարար/ կամ իր աներձագ Հրաչյա Հակոբյանը, այդ ընկերությունները կկարողանայի՞ն հարյուրավոր միլիոն դոլլարներով ներդրումներ ապահովել՝ այդ ընկերությունները արդիականացնելու և ծառայությունների որակն ապահովելով 2 տասնյակ տարի: Կարծես եթե ինքը պետության ղեկավար լիներ, ասենք, երկուհազարականներին կարողանալու էր համոզել տարածաշրջանային որևէ խոշոր օպերատորի ստանձնել կառավարումը, իր պես պահած անկայուն պետությունում այդ պատասխանատու գործառույթը, այն էլ՝ այդ տեսակ խոշոր արդիականացմանը անհրաժեշտ ներդրումներ կատարելով, որոնք նույնիսկ պարզ էլ չէ, թե երբ կկարողանան ներդրածը վերադարձնել: Իհարկե՝ չէր կարող: Չէր կարող, ոչ իր կադրերով կառավարում կազմակերպելը, ոչ էլ լուրջ ներդրողների հետ լուրջ ներդրումային պայմանագրեր կնքելը, որոնք 2 տասնյակ տարի մեր երկիր խոշոր թե՛ նրդրողները կլինեին, թե՛ գործատուները, թե՛ հարկատուները:

Ինքը կարող է միայն գրել, խոսել, խոստանալ և որևէ պարագայում՝ ոչինչ չանել:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ