01 05 2020

Մաքսանենգ սիգարետի թնջուկը չի դադարում

Մաքսանենգ սիգարետի թնջուկը չի դադարում

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի սկանդալային իրադարձությունների մեջ կար մեկը, որն առանձնանում էր իր մասշտաբով, միջպետական առանց այն էլ ոչ հարթ հարաբերությունների վրա հնարավոր ազդեցությամբ։ Խոսքը ծխախոտային մաքսանենգության մասին է։

«Бойлерная» թելեգրամյան ալիքը տեղեկացրեց, որ ապրիլի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանել: Առգրավվել է 40 տոննա կամ 2700 տուփ հայկական ակցիզներով ծխախոտ, իսկ չվերթն իրականացվել է Երևանից: Բեռի ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն ռուբլի է: Ըստ տեղեկությունների՝ օդանավը Երևանից մեկնում էր Աֆղանստան` Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով»:

Այս թեմայով քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․ «Ծխախոտի պատմությունը շատ խորը արմատներ ունեցող է: Ստեղ շատ մեծ կեղտոտ փողեր կան, բայց մինչև վերջերս ռուսները սրա վրա աչք էին փակում, բայց էսօր արդեն Նիկոլին սրա վրա տնգեցին: Ու սենց դեռ շատ կեղտոտ փողի ալիքներ են փակվելու մոտ օրերս, քանի որ ստախոս բեզաչոտնիկին էլ ոչ մեկ չի հանդուրժում:
Ուրեմն պարզվում ա ոչ թե Արման Սահակյանն ա էդ կոնտրաբանդան տանողը, այլ Արման Սահակյանն ուղղակի էդ սիգարետները վաճառողն ա, իսկ տանողը ոչ այլ ոք ա քան աներձագ Հրաչը»։

Խոսքը ԱԺ պատգամավոր և Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի մասին է։

Վարչապետի աներորդու՝ տհաճ պատմությանը մասնակցություն ունենալու մասին այլ հրապարակումներ ևս եղան, ընդ որում՝ բացահայտելով մի ամբողջ շղթա։

Մի քանի հրապարակում ել արեց «Ինֆոպորտ» տելեգրամյան ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, նշելով ավելի լայն շրջանակի անուններ՝ 
Մեջբրումը հրապարակումից. «Մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ։ Արամչոն երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել է ԱՄՆ բանտում։ Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո Խաչատուր Սուքիասյանը միջնորդել է ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան, միջնորդությունը բավարարվել է։
Հայաստան վերադառնալուց հետո, Սուքիասյանների խնամին ծխախոտի ապօրինի արտահանման բիզնես պլան է մշակել՝ երաշխավորելով, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող իր վստահելի մարդիկ կընդունեն բեռը և կկազմակերպմեն դրա հետագա իրացման հարցը՝ իրենց ապահովելով միլիարդավոր դոլարների եկամուտ։ Բիզնես պլանը կազմակերպելու «դաբրո»-ն ստանալու համար, Սուքիասյանների խնամին դիմել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանին, որն էլ հայտնել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, որն էլ հնարավոր է կազմակերպել վերջինիս եղբոր՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանի միջնորդությամբ»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եղբոր առաջարկից հետո Աննա Հակոբյանը հրահանգել է ՊԵԿ նախագահի տեղակալ, իր մտերիմ Շուշանիկ Ներսիսյանին՝ «նակոլկա Շուշոյին», կազմակերպել ծխախոտի արտահանման գործընթացը, որից հետո ապօրինի ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպել է որպես կենցաղային ապրանք և արտահանել Ռուսաստան։

ՌԴ իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվել է, իսկ այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները իմացել են, որ մաքսանենգության մեջ ներգրավված է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հրահանգել են կալանավորել բեռը և քրեական գործ հարուցել՝ բացահայտելով ապօրինությունների ողջ շղթան»։

Ըստ տելեգրամյան ալիքի՝ մաքսանենգ ճանապարհով կենցաղային ապրանքների անվան տակ 40 տոննա ծխախոտ է արտահանվել Ռուսաստան և դրա վրա աչք են փակել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն, օդանավակայանի ղեկավարությունը ու Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ, իշխանության ամենաբարձր օղակներից նման հրահանգ են ունեցել։

«Ամարկետս» վերլուծական դեպարտամենտի ղեկավար Արտեմ Դեևը, նշելով, որ Ռուսաստանում ապօրինի ապրանքներ ներմուծելու նման սխեման բավականին տարածված է եւ շատ հաճախ օգտագործվում, գործընթացը բացատրում է այսպես. «Փաստաթղթերով ապրանքը տեղափոխում են տարանցիկ երկրով, ուստի՝ այն ավելի քիչ ուշադրություն է գրավում: Բայց հետո Ռուսաստանի տարածքում գտնվող «կանգառի կետերում» ապրանքն աննկատ իրացնում են: Փաստաթղթերը «փակվում են» արդեն մեր երկրի սահմաններից դուրս եւ պաշտոնապես ստացվում է, որ բեռը առաքվել է, չնայած իրականում ապօրինի ծխախոտները վաղուց վաճառվել են Ռուսաստանի մանրածախ առեւտրի կետերում: Իրականում ստացվում է սովորական ընդհատված տարանցում, որը հաճախ օգտագործվում է ԵԱՏՄ երկրներիցկեղծ ապրանքներ ներկրելու ժամանակ»:

Այս միջադեպի լուրը հատկապես կորոնավիրուսի օրերին, երբ օդային  հաղորդակցությունը խնդիրներ ունի, լուրը ցնցման էֆեկտ ունեցավ։ «168 ժամը» այս թեմային ևս անդրադարձավ, գրելով,  որ միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։ Պատճառն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին, քանի որ դատարկ է թռչում։ Ըստ հրապարակման, առաջարկը մերժվել է։ Ու պարզվում է մերժման պատճառն այն է, որ ինքնաթիռը դատարկ չէր թռչում, այլ՝ մաքսանենգ ծխախոտով:

Կայքը հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, դարձյալ նշում է Նիկոլ Փաշինյանի մերձավորների հետ մաքսանենգ ծխախոտների կապի մասին։ «Արթուր անունով մարդ կա, ով զբաղվում է ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու խնդիրներով: Իրականում հենց նա է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ խմբաքանակների դիմավորողն ու ցրողը: Համաճարակի այս ողջ ընթացքում բոլոր ինքնաթիռները, որ Արթուրը Երևան է ուղարկել, Մոսկվա են վերադարձել մաքսանենգ ծխախոտի խմբաքանակներով: Կան հստակ տեղեկություններ, որ այս ամենի հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մերձավորները, որոնք անգամ այս օրերին չեն խորշում սովի շեմին կանգնած երկրում սիգարետի կանտրաբանդայով զբաղվել ու միլիոններ աշխատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին գերի դարձած ՌԴ քաղաքացիների վրա թքած ունենք»,- գրում է կայքը և հավելում, որ դիվանագիտական սկանդալն անխուսափելի է և ունենալու է ծանր հետևանքներ։

Էական պատասխան-պարզաբանմամբ աչքի չընկնող հաղորդագրությամբ հանդես եկավ պետական եկամուտների կոմիտեն՝ նշելով, թե իրենց կողմից խնդիր չկա։ «Խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։ ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը»:

Իրենք հերքեցին, բայց խնդիրը չվերացավ։

Ընդ որում, հրապարակումներից մեկում նշվում են թվեր, որոնք հաստատում են Հայաստանից ծխախոտի ապօրինի արտահանման փաստը։ Նախորդ երկու-երեք տարիների ընթացքում ծխախոտի արտադրությամբ, ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող ընկերությունների վճարած հարկերի ծավալը կրկնապատկվել է։ Եթե թվով յոթ ընկերություններ՝ «Գրանդ տոբակո», «Ինթերնեյշնլ մասիս տաբակ», «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ», «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ», «ԱՎԵՐՍ», «ԴԻՍԹՐԻՄԷՔՍ», «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ», 2016-ին վճարել են 59.7 մլրդ դրամ հարկ և տուրք, ապա 2019-ին նրանց վճարած գումարը կազմել է 121.1 մլրդ դրամ։

«Ինֆոպորտ» ալիքը, հղում անելով վիճակագրությանը, գրում է․ «Հայաստանի ներքին շուկայում ծխախոտի իրացմամբ զբաղվող ընկերությունները 2018 թվականին վճարել են 61.2 մլրդ դրամ ակցիզային հարկ, իսկ 2019-ին՝ 71.7 մլրդ դրամ։ Այսինքն աճը կազմել է 10.5 մլրդ դրամ կամ 17 տոկոս։ Եթե այս այս թվից հանում ենք Քանի որ ակցիզային հարկը կիրառվում է բացառապես ներքին շուկայում իրացվող արտադրանքի նկատմամբ, ապա եթե 2019թ.ի հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված հավելաճը հանելու դեպքում կստացվի, որ 2019 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական ծավալով իրացվել է 10 տոկոս ավելի ծխախոտ, քան նախորդ տարի։ 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով այս թիվն ավելի մեծ աճ է ունեցել։ Պաշտոնական վիճակագրությամբ ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի շատ ծխել, կամ էլ՝ Հայաստանի ակցիզներով ծխախոտը մաքսանենգ ճանապարհով արտահանվում է և իրացվում ՀՀ սահմաններից դուրս»։

Այս թեմայով մարտի 13-ի ասուլիսում «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը իր հերթին հրապարակեց հետևյալ փաստերը. «2019 թվականի հունվարին և 2020 թվականի հունվարին մենք ներկրել ենք և ակցիզավորել շուրջ 8 անգամ ավել ծխախոտ, քան 2019թ. հունվարին էր, իսկ փետրվարին՝ 16 անգամ ավելի ծխախոտ։ Սա այն դեպքում, երբ հակածխախոտային ակցիա է տեղի ունենում՝ 100 մլն դրամ ծախսելով քարոզչության վրա։ Հայաստանը ևս արտադրում է։ Երբ այս թվերը համադրում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ նորածինները, ծխում են 2-3 տուփ սիգարետ։

ՀԿ նախագահը հայտարարում էր, որ սիգարետի ծավալների աճից կոռուպցիոն հոտ է գալիս։ «Օդում կախված տեղեկատվություն ունեմ, որոնք շուտով կվերածեմ փաստերի, որ այս ամենը կապված է տնտեսական հանցագործության հետ, կանտրաբանդայի հետ։ Անուններ հնչում են, բայց կտամ մեկ անուն, որ ըստ ինձ հասած տվյալների, այս կոնտրաբանդայի պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, անձամբ»։

Եվ հիմա մաքսանենգ սիգարետի վերաբերյալ հարցերը, թե ո՞ւմ են պատկանում, ո՞վ էր տեղափոխում, պատասխան չեն ստացել, իսկ վարչապետի մերձավորների կապը պատմության հետ, պատշաճ չի հերքվել։

Փաստենք, որ արտակարգ դրության պայմաններում առանց վարչապետի գիտության ինքնաթիռ չէր կարող թռչել։ Եվ ուրեմն, նա տեղյակ է եղել այս ամենից։ Գուցե տեղյակ չի եղել մաքսանենգության մասին, բայց կստացվի՝ մերձավորներն իր հետ ազնիվ չեն գտնվել։

Սիգարետը Կրասնոդարում է, և հետաքննություն է ընթանում։

Սա կրկնում ենք, այն էլ հայ-ռուսական հարաբերությունների նման աննախադեպ լարվածության ֆոնին, միայն տնտեսական վնաս չէ, որ մեզ կարող է տալ։

Հարցեր կան, որոնց պատասխանը չեն տրվում, այս մասին չի անդրադառնում վարչապետը։ Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետը Հայաստանի ավիացիոն խնդիրների հիմքը համարում էր այն, թե նախկին իշխանությունները զենք են տեղափոխել աֆրիկյան երկրներ։ Դա չհաստատվեց, սակայն կարծես հաստատվում է մեկ այլ դեպք: Սպասենք իշխանությունների պարզաբանումներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ