30 04 2020

Վերադարձ անցյալին թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու. Բակո Սահակյան

Վերադարձ անցյալին թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ վերադարձ անցյալին, թե տարածքների, թե՛ կարգավիճակի առումով չի լինելու:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  անդրադառնալով  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր՝ Բակո Սահակյանն ասել է, որ ՀՀ գործընկերները արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող փաստաթուղթ, ու Արցախի իշխանությունները շարունակելու են դիվանագիտական կարողություններ գործադրել, ինչպես նաև ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները շարունակել:

«Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու: Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հետայսու ևս հարգելու եմ այն առաքելությունը, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ համարում եմ, որ հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ»,- մասնավորապես նշել է Բ. Սահակյանը:

Հանրապետության Նախագահը հայտնել է, որ կայացած հանդիպումներն անց են կացվել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որի ընթացքում ինքը նշել է, որ Արցախի անվտանգությունն և անկախությունը սակարկության ենթակա չէ:

«Այս տարիների ընթացքում մենք որևէ կերպ չենք շեղվել ո՛չ մեր դիրքորոշմից, ո՛չ էլ սկզբունքներից: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ, և մենք պարտավոր ենք, այդ ամենը հաշվի առնելով և հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիվ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մեջ: Մենք հարգել և հարգելու ենք համանախագահների այս կամ այն առաջարկությունները, նրանց անկեղծ ջանքերն ուղղված հակամարտության կարգավորմանը»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ