Դատարանը «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրենի խափանման միջոց ընտրեց կալանքը։ Դատավորը դժվար թե այլ որոշում կայացներ հեղափոխական լիդերի վնգստալու մասին լայվից հետո։ Բայց դատավորին դեռ թողնենք մի կողմ։
«Մուլտի գրուպը» Հայաստանի խոշոր հարկատուներից է՝ տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող։ Համավարակի պայմաններում, երբ պետությունները կանգնում են տնտեսական կոլապսի առաջ, նման ընկերության տնօրենին կալանավորելը իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելու հետևանք կարող է լինել։ Եթե ընկերության աշխատանքները սկսեն խափանվել, սկսեն չվճարումներ, կրճատումներ, և հազարավոր ընտանիքներ հայտվեն սովի վտանգի առաջ, ո՞վ է պատասխան տալու. դատավո՞րը, թե՞ նրան պատվեր իջեցրած հեղափոխականը։ Ցանկացած գործ կարելի է քննել՝ առանց մարդուն կալանավորելու։ Եթե, իհարկե, կալանքը պատժի կամ վրեժի միջոց չի համարվում։
Ինչ վերաբերում է Սեդրակ Առուստամյանին, ապա նա երկու տարի առաջ առաջնորդում էր «Մուլտի Գրուպի» երթը՝ ի աջակցություն Ն. Փաշինյանի։ Չփրկեց։ Ջուր բերելն էր չփրկեց։ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելն էր չփրկեց, որտեղ ԲՀԿ-ին հատուկ ռեվերանս էր արված՝ որպես «հեղափոխության աջակից քաղաքական» ուժի։
Չի փրկելու, երաշխիքներ չի տալու, որովհետև հեղափոխություններն ունեն իրենց օրենքները, իսկ հայաստանյան կյանքը գնալով նմանվում է Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» հանճարեղ գործին։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը