24 04 2020

Փաշինյանի ԽԾԲ-ները պետական համակարգում ամենուր են. Antifake.am

Փաշինյանի ԽԾԲ-ները պետական համակարգում ամենուր են. Antifake.am

Antifake.am-ը գրում է. Իր՝ «Մեծ հիասթափության» հերթական մոդելավորումը ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև «ընկերներին և բարեկամներին», որոնք, ըստ Փաշինյանի, սպասում էին, որ «իրենց կյանքում ինչ-որ փոփոխություն լինի», բայց այդպես էլ չեն տեսնում դրա արդյունքը:

«Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»:- համոզված է Նիկոլ Փաշինյանը:

Սակայն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն էլ չի համապատասխանում իրականությանը: Այսօր իշխանության կազմում կան Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին մերձավոր բազմաթիվ մարդիկ, որոնք սփռված են տարբեր պետական կառույցներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները «հեղափոխությունից» հետո կառավարությունում սկսեցին տեղավորել իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին, իրենց հետ քայլածներին, ընկերներին, ծանոթներին, սանիկներին և կնքահայրերին։

Մերձավորների շարքը գլխավորում է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ով չունենալով կառավարությունում որևէ կարգավիճակ գրասենյակ է զբաղեցնում Կառավարական տուն 1-ում, Կառավարության պատվիրակության հետ մեկնում գործուղումների և օգտվում այնպիսի արտոնություններից, որոնք իր համար նախատեսված չեն:

Հայտնի են նաև պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը և եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը։

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների՝ պաշտոններ են ստանում նաև նրա մանկության ընկերները, դասընկերները։

Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Փաշինյանի մանկության մեկ այլ ընկեր՝ Հայկ Ղալումյանը, ով նաև նրա կնքահայրն է, նշանակվել է Փաշինյանի հայրենի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը,  նույնպես Փաշինյանի մանկության ընկերն է, որը պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքից

Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Փաշինյանի ընկերներից Զարեհ Սարգսյանի որդիներն էլ՝ Նաիրի և Հայկ Սարգսյանները, պաշտոններ են ստացել մեկը վարչապետի աշխատակազմում որպես վարչապետի օգնական, մյուսն էլ պատգամավորական մանդատ է ստացել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։

Նիկոլ Փաշինյանի մտերիմներից Հայկակ Արշամյանը նշանակվել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։ Վերջինս նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Նիկոլ Փաշինյանի պաշտոն ստացած մտերիմների շարքը լրացվում է Աննա Հակոբյանի ընկերուհիներով, ինչպես նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմով ու լրագրողներով։

Աննա Հակոբյանի ընկերուհի և վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն օրենքի խախտմամբ նշանակվել էր վարչապետի օգնականի պաշտոնում՝ Աննա Հակոբյանին օտարերկրյա գործուղումների ժամանակ սպասարկելու համար։

Աննա Հակոբյանի մյուս ընկերուհին՝ Լուսինե Բարսեղյանը, ով նաև «Հայկական ժամանակ» լրատվականի խմբագիրն է, նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտի պաշտոնում։

Աննա Հակոբյանի բարեկամներից Ռաֆիկ Մաշադյանը զբաղեցնում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի 1-ին տեղակալի պաշտոնը։ Իսկ վերջինիս որդին՝ Հարություն Մաշադյանը, զբաղեցնում է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ից պատգամավորական մանդատներ են ստացել Վահագն Թևոսյանը, Հայկ Գևորգյանն ու Վահագն Հովակիմյանը։ Վահագն Թևոսյանը ԱԺ նախագահի ռեֆերենտ Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։

Ընկերներին պաշտոններ են բաշխվել նաև Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, որը ինքն էլ բավական ջանք թափեց հեղափոխական շարքերում ընդգրկվելու համար:

Մարությանի մանկության ընկեր Հայկ Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մյուս ընկերը՝ Տիգրան Վիրաբյանը, Երևանի փոխքաղաքապետն է։ Մեկ այլ ընկեր, ում հետ Մարությանը նաև քավորսանիկական կապի մեջ է, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն է։ Մարությանի մանկության ընկերներից ևս մեկը՝ Ավետ Պողոսյանը, նշանակվել է Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար։ Մարությանի մանկության ընկերներից Նիկոլայ Սարիբեկյանն էլ նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի տեղակալի պաշտոնում։

Պաշտոն ստացած խնամի-ծանոթ-բարեկամներով աչքի է ընկնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա մտերիմ և հովանավորյալ Արտյոմ Սմբատյանն 9 ամիս օրենքի խախտմամբ նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնելուց հետո նշանակվել է Առողջապահության փոխնախարար։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը թերևս ամենահայտնին է իր մերձավորներին պաշտոններ տալու առումով:

Արարատի մարզպետարանում պաշտոն են զբաղեցնում Գարիկ Սարգսյանի զարմիկ Գևորգ Մանուկյանը, մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը եղել է մարզպետի   խորհրդական, այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, իսկ այս տարի նշանակվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում, ընկեր և կուրսընկեր Արտավազդ Նազարեթյանը՝ մարզպետի տեղակալ, քեռու որդին՝ մարզպետի օգնական, իսկ քրոջ ամուսինը՝ Սահակ Առաքելյանը, նշանակվել է Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում որպես Վեդու ՋՕԸ-ի տնօրեն, մորաքրոջ ամուսինն էլ՝ Կարապետ Հարությունյանը՝ Արարատի մարզային ՃՈ պետ։

Հետ չի մնում նաև Ազգային ժողովը:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, Պետական գույքի կառավարման վարչության պետն է:

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կուրսընկեր Դավիթ Մկրտչյանը ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ է:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը իր օգնական է նշանակել սկեսրոջ եղբոր որդուն՝ Ռուբեն Բանուչյանին։

Պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, Հրազդանի քաղաքապետն է:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նվարդ Վարդանյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

Պատգամավորներից Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է։

Սիփան Փաշինյանի ընկերն ու հովանավորյալը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն է՝ Ռազմիկ Մկրտչյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընկեր Սամվել Մելիքսեթյանը ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

Պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինը՝ Գայանե Վարդանյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

Կառավարության անդամները ևս չեն շրջանցել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին՝ Արմեն Հակոբյանը, հայտնի որպես «Օպերի Արմեն», Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ։

ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանի սանիկը՝ Արթուր Նահապետյանը, պաշտոնի է նշանակվել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողությունում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը՝ Էդվարդ Հովհաննիսյանը, նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ, իսկ կուրսընկերը՝ Վահե Դանիելյանը՝ Արդարադատության փոխնախարար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրը՝ Ստեփան Մաչյանը, միաժամանակ և՛ նախարարության աշխատակազմի ղեկավարն է, և՛ ֆինանսատնտեսագիտական ու հաշվապահական հաշվառման վարչության պետը:

Զարուհի Բաթոյանը պաշտոններ է տվել նաև իր կողմից ստեղծված և ղեկավարված «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, Երևանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության անդամ է։ Իսկ իր կուրսընկերը՝ Արթուր Իսրայելյանը, նշանակվել է ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր։

Իրավապահ մարմիններում քավորսանիկական հարաբերությունները նույնպես գործում են. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և զինվորական դատախազ Վահե Հարությունյանը քավորսանիկական հարաբերությունների մեջ են։ Արթուր Դավթյանը դատախազական ապարատում 13-ից ավելի բարձրաստիճանների կա՛մ քավորն է, կա՛մ սանիկը։

Շարքը կարելի է շարունակել: Այստեղ ներկայացված են 2018-2019 թվականների ընթացքում պաշոտններ ստացած խնամիները, ծանոթները, բարեկամները, ընկերները։ Հաջորդիվ կներկայացնենք 2020 թվականին այդ «խմբապետական էջը» լրացրած անձանց։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի այս «պնդումը», թե իր (և ոչ միայն) մերձավորները, բարեկամները և ընկերները չեն օգտվում Խնամի-ծանոթ-բարեկամ համակարգի տված հնարավորություններից, նույնպես որևէ քննության չի դիմանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ