23 04 2020

Դավթյանն օգտագործեց շանսն ու հիմա հեղափոխականների սրտի դատախազն է. 7or.am

Դավթյանն օգտագործեց շանսն ու հիմա հեղափոխականների սրտի դատախազն է. 7or.am

7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը եթերային «կիքսից» հետո որոշեց ուղիղ եթեր մտնել ու բացահայտել «թավշյա» հեղափոխությունից հիասթափվածներին։ Եթե հիասթափվածների նրա նշած ցանկից բոլորին հանենք, ապա տակը կմնա այնպիսի չհիասթափված, ինչպիսին է, օրինակ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Փաշինյանն ասում էր, որ կան սերժական մնացուկներ, որոնք իրենց շանսը չեն օգտագործել և որակվելու են որպես «հեղափոխությունից հիասթափվածներ» ու դուրս են շպրտվելու պետական համակարգից։

Արթուր Դավթյանից Փաշինյանը գոհ է։ Դա նշանակում է, որ գլխավոր դատախազը սերժական այն մնացուկներից է, ով իր շանսն օգտագործել է ու դարձել հեղափոխությունից չհիասթափված։

Իսկ ի՞նչ է արել սերժական մնացուկ Դավթյանը, որ հիմա չհիասթափված հեղափոխական է դարձել։ Նա երկու տարի առաջ այս օրերին խորհրդարան էր մտել՝ հեղափոխական պատգամավոր Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու միջնորդությամբ։ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո քայլարածները պահանջում էին Դավթյանի հրաժարականը, բայց դա շատ կարճ տևեց։

Դավթյանն օգտագործեց շանսն ու հիմա նա հեղափոխականների սրտի դատախազն է, քանզի ոչ թե Նիկոլին է կալանավորում, այլ Նիկոլի ասելով է կալանավորում։ Ընդորում՝ ապօրինի հիմքերով։

Արթուր Դավթյանը մեր օրերի Վիշինսկին է։ Վերջինս մինչև բոլշևիկյան հեղափոխությունը Լենինին բռնելու որոշում էր կայացրել, իսկ հեղափոխությունից հետո բոլշևիկների քաղաքական պատվերներն էր կատարում՝ հետապնդելով մինչհեղափոխական իշխանության ներկայացուցիչներին։

Ահա այսպիսին է հեղափոխությունից չհիասթափված գործիչներից մեկի քաղաքական դիմանկարը։ Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունն այս ընթացքում, բնականաբար, չի դառնա Նիկոլի թիրախը։ Որպես ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույք նրանից այն չեն խլի, քանի դեռ նա կշարունակի կատարել հեղափոխությունից թիվ մեկ չհիասթափված, աղքատությունը սեփական գրպանում հաղթահարած (բայց ոչ երբեք գլխում և աչքերում) Նիկոլ Փաշինյանի հակաիրավական ցանկություններն ու կապրիզները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ