Politik.am-ը գրում է. Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձ կատարեց իր իշխանությունից հիասթափվածներին։ Վարչապետը նշեց բոլոր այն խմբերին, որոնք ըստ իրենց դժգոհ են իր իշխանությունից։
Ըստ Փաշինյանի` հիասթափություն ապրած առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր, նրա բնորոշմամբ, 2018թ-ի մայիսից ասում են, որ հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի, ու ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը:
Երկորորդը՝ իշխանության մեջ ներգրավված այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանության PR-ով ու ներգրավված են եղել նաև ռազմավարական ծրագրեր կազմելու մեջ:
Հիասթափված մեկ այլ խումբ էլ իշխանությանը ծառայած կրիմինալ խումբն է, որոնք ևս առաջիկա 10 տարիների համար պլաններ ունեին, բայց այսօր նրանց մի մասը լքել է Հայաստանը, մի մասը հետախուզման մեջ է ու, ինչպես Փաշինյանն է ասում՝ «մտածում է, որ հեսա կգտնեն իրենց»:
Ըստ Փաշինյանի` հիասթափվածների մեջ են նաև կոռուպցիոն համակարգի մաս հանդիսացողները, որոնց այսօր կաշառքի ու կոռուպցիայի պահին բռնում են, մինչդեռ նախկինում նրանք համոզված էին, որ իրենց չեն բռնի: «Նրանց ընտանիքի, մերձավոր շրջապատի բարեկեցությունը տուժել է, ու նրանք հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը:
Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել: Փաշինյանի խոսքով հիասթափված են նաև այն քաղաքական ուժերը, որոնց հետ ժամանակին նաև պայքարել է նախկինների հետ և հիմա այդ քաղաքակն ուժերը իշխանության չգալով կորցրել են իրենց գոյության իմաստը։
Վարչապետը հիասթափություն ապրողների խմբին դասեց նաև «իր հետ քայլողներին», «ընկեր-բարեամներին, որոնք ինչ-որ հույսեր են կապել իր՝ իշխանության գալու հետ, բայց որոնց կյանքում դրանից ոչինչի չի փոխվել:
Հիասթաթվողների մեջ Փաշինյանը նշեց նաև արևմտամետ կողմնորոշում ունեցողներին, որոնք հավատացել էին, թե իշխանափոխությունը Արևմուտքից սպասարկվող գործընթաց է: Միաժամանակ հիասթափված են նաև ռուսամետերը, ովքեր հակառակ տեսակետն էին տածում:
Հիասթափված են նաև օլիգարխները, ովքեր հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից:
Հիասթափվածների շարքում վարչապետը դասեց նաև նախկին իշխանության կողմից վերահսկվող ու այսօր էլ ֆինանսավորվող լրատվամիջոցներին, ինչպես նաև հոգևորականներին:
Ինչպես արդեն արձանագրեցին, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հիասթափված են նախկին իշխանությունները, նախկին ընդդիմադիրները, հոգևորականները, օլիգարխները, փորձագետները, իր հետ հեղափոխություն արածները, կաշառք վերցնողները և կաշառք չվերցնողները, լրագրողներն ու սփյուռքը։
Հետաքրքիր է, որ ստեղծված իրավիճակը բավական մոտ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կանխատեսմանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը նախագահ Քոչարյանը հայտարարել էր, որ իշխանություններն իրենց գործողություններով վանում են իրենցից հասարակության տարբեր շերտեր, որն էլ քաղաքական դաշտում բերել է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի․«Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը»,-հայտարարել էր Քոչարյանը:
Փաշինյանն ըստ էության իր այս ուղիղ եթերով անուղղակի կերպով ասաց, որ երկրորդ նախագահ Քոչարյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալ՝ բոլոր հիասթափված են իրենից և ըստ էության «կոնսենսուս մինուս մեկ»-ը արդեն իրողություն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը