Yerkir.am-ը ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ «Ազատ Օր»-ի հեռավար հարցազրույցը, որի ընթացքում խոսակցությունն ընթացել է Հայաստանին, Արցախին հուզող օրակարգերի շուրջ։
- Ձեր` Հայաստան վերջին այցելության ժամանակ հանդիպում ունեցաք Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Խնդրում ենք ավելի մանրամասն ներկայացնել։
- Հայաստանի Հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ պարբերաբար հանդիպում ունենում ենք, երբ Հայաստանում եմ գտնվում: Նախագահի հետ խոսակցությունն ընդգրկեց Հայ դատի մեր գրասենյակների եւ հանձնախմբերի վերջին խորհրդաժողովի արդյունքները, 2020-ի համահայկական նախաձեռնությունները՝ ներառյալ Սեւրի դաշնագիրի 100-ամյակի նշումը, Հայաստանի եւ Արցախի քաղաքական իրավիճակը եւ ազգային օրակարգի հարցերը: ՀՀ վարչապետի հետ նաեւ քննարկեցինք համահայկական ու տարածաշրջանային հարցերը` ներառյալ Արցախի բանակցությունների ներկա փուլը եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Երկու հանդիպումներն էլ անցան փոխըմբռնման մթնոլորտում:
Մենք, անկախ իշխանության հետ մեր ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, միշտ զգացել ենք համահայկական ու Հայ դատի աշխատանքների շուրջ հայրենի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, տեղեկություններ փոխանակելու, փոխադարձ համագործակցության եզրեր գտնելու եւ աշխատանքը համադրելու անհրաժեշտությունը:
- Փետրվարի վերջին Արցախում տեղի ունեցավ Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը։ Մեր մամուլն անդրադարձավ ժողովին, սակայն այժմ կխնդրենք Ձեր գնահատականը:
- Մենք պարբերաբար գումարում ենք Հայ դատի խորհրդաժողովներ, ուր ի մի ենք բերում մեր գրասենյակներն ու հանձնախմբերը: Որոշ տարիներ այդ խորհրդաժողովներն անցկացնում ենք տարածաշրջանային հիմքով, իսկ 2-3 տարին մեկ՝ կենտրոնական մակարդակով` Հայաստանում ու Արցախում:
Վերջին տարիների մեր մեծագույն հաջողությունն այն է, որ գրասենյակների ցանցը ընդարձակված է` համալրված Հայ դատի արհեստավարժ նվիրյալներով, որոնք պատնեշի վրա են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 օր։ Նրանք էապես ապրում են Հայ դատով, գործում են, աշխատում որպես կազմակերպ ու անխոնջ բանակ: Այլեւս միայն կամավոր աշխատանքով չենք բավարարվում, թեեւ դա երբեք չի ենթադրում այն հսկա գործի անտեսում, որը կատարում են մեր հանձնախմբերի կազմերի ու նրանց շուրջը համախմբված կամավորները` ավելի քան երեսուն երկրներում: Այս վերջին խորհրդաժողովի նիստերը տեղի ունեցան թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում։ Օրակարգն ընդգրկում էր Հայ դատի մեր նորօրյա սահմանումի չորս հիմնական գլուխները։
Առաջինը մեր իրազեկման` լոբբինգի աշխատանքներն են` ի նպաստ մեր երկու պետությունների: Հայաստանի պարագայում պետության հզորացման օրակարգն է, նրա միջազգային հեղինակության ամրապնդումը եւ տարբեր տիպի օժանդակություններ ապահովելը: Արցախի պարագայում, օժանդակությունն ապահովելու կողքին, նրա ինքնորոշման իրավունքի շեշտադրումն է եւ, ուր որ կարելի է, Արցախի անկախության ճանաչման հետապնդումը: Մի օրինակ նշեմ օժանդակության հարցով. Ամերիկայի Միացյալ Նահանգների մերօրյա մարտահրավերներն են Արցախի ուղղակի օժանդակության վերահաստատելը, որը Թրամփի վարչակարգը փորձում է վերացնել, եւ Հայաստանին հատկացվելիք` Ամերիկայի նպաստը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղելը:
Երկրորդ հիմնական գլուխը Ցեղասպանության ճանաչման, կանխարգելման եւ դատապարտման աշխատանքներն են, որոնց ավելացել է մասնագիտորեն մեր պահանջատիրության օրինական կողմերն ուսումնասիրելու խնդիրը: Այս վերջին նպատակի համար ստեղծել ենք «Armenian Legal Center for Justice and Human Rights» (Արդարության եւ մարդկային իրավունքների հայկական իրավական կենտրոն) կազմակերպությունը, որը, Վաշինգտոնում գրանցված լինելով հանդերձ, ունի միջազգային տնօրեն խորհուրդ, որ կազմված է տարբեր երկրներից ընդգրկված մասնագետներով եւ ունի երկու հիմնական նպատակներ` առաջին՝ Ցեղասպանության հետեւանքների վերացման համար օրինական ճանապարհների որոնում, երկրորդ՝ Արցախի հարցով օրինական ճանապարհի ճշտում՝ հասնելու համար մեր հիմնական նպատակին:
Երրորդը՝ առհասարակ հայապատկան հողերում կամ ընդհանրապես Սփյուռքում հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է: Այս բաժինը պարփակում է, բնականաբար, Ջավախքի մեր քույրերի եւ եղբայրների մարդկային անհատական ու հավաքական իրավունքների խնդիրները, որպեսզի նրանք կառչած մնան իրենց հողին: Այս գլխում է նաեւ ծպտյալ հայերի հարցը Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների հետ հարաբերությունը, որպեսզի մեր հողերում հայկական ներկայությունը խրախուսվի եւ հայակերտումն ամրապնդվի: Այստեղ են զետեղված նաեւ սփյուռքահայության իրավունքները` ըստ միջազգային դաշնագրերի կամ առանձին երկրների օրենքների սահմանումների. հատուկ ուշադրության առարկա են Միջին Արեւելքի, Թիֆլիսի եւ Պոլսի հայության պարագաները: Իսկ որոշ շրջաններում կա հայության վերադարձի երեւույթը, հայակերտման խնդիրը, որը քաջալերում ենք ամենուրեք։ Այսօր ուրախությամբ տեսնում ենք նոր սերունդների հայրենասեր ներկայացուցիչների, որոնց ծնողները հեռացել էին իրենց արմատներից, եւ հիմա նրանք սկսել են վերադառնալ հայությանը:
Չորրորդ գլուխը երիտասարդության ներգրավման եւ քաղաքականացման խնդիրն է, որպեսզի նրանք այլազան երկրներում բարձր պաշտոններ ստանձնեն քաղաքական տնտեսական, ֆինանսական, լրատվական կառույցներում եւ միջազգային կազմակերպությունների կենտրոններում:
- Անցնենք Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակին` Սահմանադրության փոփոխության հանրաքվե, կորոնավիրուսի դեմ պայքար, քաղաքական շիկացած մթնոլորտ։ Ո՞րն է Դաշնակցության կեցվածքը եւ դիրքորոշումը։
- Ճիշտ է, որ շիկացած է մթնոլորտը Հայաստանում: Դժբախտաբար, իշխանությունը տակավին հետապնդում է բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականություն: Տակավին շարունակում է թշնամանքի ու ատելության մթնոլորտը, որն առողջ երեւույթ չէ եւ քանդում է համերաշխության ու համախմբվածության որեւէ հավանականություն: Սահմանադրական հանրաքվեն հետաձգվել է կորոնավիրուսով պայմանավորված վտանգի պատճառով: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հստակորեն բացատրել է, թե ինչու հակասահմանադրական է այս հանրաքվեի ընթացքը եւ էությունը՝ Սահմանադրական դատարանի մի քանի դատավորներից ձերբազատվելու համար։ Առավել` ունենք լուրջ մտահոգություն, որ, օրենսդիր եւ գործադիր բոլոր լծակները ունենալով իր ձեռքում, իշխանությունը հիմա նաեւ ուզում է իր ամբողջական հակակշռի տակ առնել դատական համակարգը, ինչը մեզ համար անընդունելի է. ժողովրդավարական երկրներում դատական համակարգն ունի իր անկախությունը եւ չի գործում օրենսդիր ու գործադիր իշխանության տակ:
Մենք կողմնակից ենք դատաիրավական համակարգում բարեփոխումներ մտցնելու անհրաժեշտությանը եւ վարչապետի հետ հանդիպումների ընթացքում էլ փոխանցել ենք, բայց դրանք պետք է լինեն հանգրվանային, համախոհական եւ Սահմանադրությանը համապատասխան: Մենք հավատում ենք, որ, դժբախտաբար, այս հանրաքվեն եւս մեկ անգամ պիտի բեւեռացնի մեր ժողովրդին եւ սեւերի ու սպիտակների բաժանարար գծերը պիտի հայտնաբերի: Սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական գործընթացն արդեն սկսված է, եւ իշխանությունից ակնկալում ենք, որ ստեղծի համերաշխ մթնոլորտ` փոփոխությունների թղթածրարը մանրամասնորեն եւ համապարփակ կերպով քննարկելու համար: Մենք անցյալում անդրադարձել էինք այս կապակցությամբ մեր առաջնահերթություններին, այսինքն` երկքաղաքացիների նկատմամբ բոլոր տեսակի սահմանադրական արգելքների վերացմանը, նախագահի իրավասությունների ընդարձակմանը կամ ավելի ճիշտ` վարչապետի եւ նախագահի լիազորությունների հավասարակշռմանը, խորհրդարանական համակարգի ամրապնդմանը եւ արդարադատության ճյուղի առավել անկախացմանը: Առավել՝ ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնելուն: Բնականաբար, այս հարցերը հիմա սառեցված են` կորոնավիրուսի դեմ պայքարելու առաջնահերթությունով թելադրված:
ՀՅԴ Բյուրոն կոչով դիմեց աշխարհասփյուռ հայությանը` համախմբվել պետության շուրջը եւ միասնական ուժերով դիմագրավել այս մարտահրավերը: Մենք կառավարությանը ներկայացրեցինք առաջարկներ այս ուղղությամբ եւ, ՀՕՄ-ի ու Հայ դատի մեր հանձնախմբերի գործակցությամբ, անմիջապես ի գործ դրինք օժանդակության ծրագրեր, որոնց մի մասը տակավին ընթացքի մեջ է:
- Վերջերս Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկով: Դրան հաջորդած հրապարակային թեր ու դեմ կարծիքներն ալեկոծեցին Հայաստանի մամուլն ու սոցիալական ցանցերը: Ի՞նչ կասեք այս ուղղությամբ:
- Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորում որեւէ արտառոց բան չկա. Վեհափառը պարզապես նշել էր, որ, ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակի ու կորոնավիրուսի կապակցությամբ մտահոգությունից ելնելով, բոլոր կանխարգելիչ միջոցներին պետք է դիմել`ապահովելու համար նախագահի առողջությունն ու անվտանգությունը: Այնտեղ որեւէ անդրադարձ չկար դատավարության էությանն ու քրեական մեղադրանքներին: Արդ՝ իսկապես անհասկանալի է այն ծավալված աղմուկը եւ մանավանդ շղթայազերծված պայքարը ոչ միայն Վեհափառի անձի, այլև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հանդեպ:
Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգային էական կառույցներից է, որի կարեւորությունը նշված է ՀՀ Սահմանադրության մեջ, եւ որի դերը կրոնական սահմաններից շատ այն կողմ է անցել մեր պետության կորստի խավարի դարերում: Եկեղեցու դեմ ծրագրված այս հարձակումներն ու նրա դերը միտումնավոր նսեմացնելը հարվածներ են` ուղղված ողջ հայությանը, եւ ըստ այդմ` լրիվ դատապարտելի:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին, ապա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ ձգձգվող դատավարության հետ կապված մեր հստակ դիրքորոշումն ու մտահոգությունները վաղուց ենք հայտնել։ Աշխարհը պատուհասած այս համավարակի պայմաններում այսօր առավել եւս անընդունելի ենք համարում առողջական խնդիրներ ունեցող եւ վտանգված տարիքային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը։ Արդարադատության իրականացումը չի կարող ընտրովի լինել եւ չպետք է հակասի իրավունքի գերակայության սկզբունքներին:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը