Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։
Մասնակիցներն քննարկել են տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:
Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը