7or.am-ը գրում է․ «Կառավարությունում արտակարգ դրություն է։ Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, իսկ մարմնի մյուս մասերը տեղյակ չեն գլխից։ Իսկ գլխում բազմակարծություն է։
Նիկոլ Փաշինյանը կատաղած է։ Դրա համար էր եթեր մտել ու ասում էր, որ նախկինում մամուլի միջոցների 99 տոկոսը իշխանություններին ծախված է եղել՝ յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք ներկայացնելով որպես ՀԺ–ի՝ կոմերցիոն առումով հաջողված խմբագիր։
Նիկոլը հիմա մեղավոր է փնտրում եթերում հայտնված կադրերի համար։ Ուզում է պատժել նրան, ով կամա թե ակամա հերթական անգամ ցույց է տվել Փաշինյանի իրական էությունը։
Փաշինյանն ունի ստացված և չստացված եթերներ։ Ուշագրավն այն է, որ ստացված են, այսինքն՝ Փաշինյանի իրական դեմքն են բացահայտում այն եթերները, որոնք իր վերահսկողությունից դուրս են եղել։ Օրինակները բազմաթիվ են։
Վերցնենք թեկուզ կորոնավիրուսի թեման։ Երբ վարչապետը գիտի, որ եթերում է, խորհուրդ է տալիս մարդկանց պահել սոցիալական հեռավորություն և հազալիս բերանը փակել անձեռոցիկով։ Իսկ երբ ինքը եթերում է, բայց չգիտի այդ մասին, անում է ճիշտ հակառակն, ինչ քարոզում է։ Հազում է բաց բերանով, չի պաշտպանում սոցիալական շփման կորոնավիրուսային կանոնները։
Մեկ այլ օրինակ։ Երբ Փաշինյանը գիտեր, որ եթերում էր, խոսում էր այն մասին, որ ինքը դատարանների գործերին չի միջամտելու, և մենք ունենալու ենք անկախ դատական համակարգ։ Իսկ ահա երբ Փաշինյանը եթերում էր, բայց չգիտեր այդ մասին, կոպտորեն միջամտում էր դատական որոշումների կայացմանը։ Նրա գլխավորած համակարգը կոպտորեն խառնվում էր դատարանների գործերին։ Հրապարակված գաղտնալսումները ցույց տվեցին Փաշինյանի խոսքի ու գործի ահռելի տարբերությունը։
Փաշինյանը քարոզում է համեստ ապրելակերպ և քննադատում էր նախկիններին բյուջեն մսխելու համար, բայց հենց դարձավ վարչապետ անմիջապես սկսեց գերթանկարժեք վայելքների մեջ ընկնել և բյուջեն մսխել՝ անունը դնելով պարգևավճարներ։ Աներձագն էլ կրուտիտ է լինում՝ պարգևավճար–հավելավճար թեմայով։
Սկզբում Նիկոլն ուզում էր թաքուն բարձրացնել իր յուրայինների աշխատավարձը, բայց հենց բացահայտվեց, սկսեցին հղում անել ժողովրդին։ Ինքը ժողովրդի կամքն է կատարում։ Իսկ հետո էլ, թե բա եթե դուրներդ չի գալիս սա ու որոշեք մեզ քշել, մեր փոխարեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը կգան։ Փաստորեն՝ նիկոլենք իրենց թալանի իրավունքը պաշտպանելու համար դիմում են պարզունակ մանիպուլյացիայի՝ «Հանգիստ նստեք տեղներդ, թե չէ «Մեշոկ պապին» կգա, ձեզ կուտի» տեխնոլոգիային։
Փաշինյանին հունից հանում են իր իրական դեմքի բացահայտողներն ու իր նախկին կյանքից տեղյակ մարդիկ։ Նախկինում, օրինակ, նա դեմ էր խոսում աշխատավարձերի բարձրացմանը։ Հիմա նա դոշով է պաշտպանում բյուջեից փող տանելու հեղափոխականների իրավունքը։
Դե իսկ օրերս տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ բացահայտեց, որ Փաշինյանի գլխավորած համակարգը փնթի է։ Մեկ դերասանի թատրոնի դեպքում այլ բան չէր էլ սպասվում։ Նիկոլի մոտ միայն սեփական լայվերն են առանց կիքս եթեր գնում։ Եթե, իհարկե, չհաշվենք չնախատեսված գղտոցները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը