Ֆրանսիայի Թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության և դրան հաջորդած մեկնաբանությունների հետ: Ֆրանսիայի թեմի հոգևորականների հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մեծ ցավով ընթերցեցինք Հայ Առաքելական Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի հասցեին այս օրերին մամուլում տեղ գտած անպատկառ արտահայտություններով համեմված հոդվածները։
Մեր սիրտը ցավ է ապրում, երբ ազգիս հովվապետի քրիստոնեկան և մարդասիրական մաղթանքները և հորդորները պետական բարձրաստիճան և որոշ այլ պաշտոնյաների կողմից ստանում են քաղաքական երանգներ և մատուցվում լայն հասարակության ուշադրությանը՝ մեկ անգամ եւս առիթ հանդիսանալով թշնամական տրամադրությունների սրացման և ավելորդ շաղակրատությունների՝ հանդեպ մեր Սրբություն Սրբոց Մայր Եկեղեցին և Հայոց Հայրապետը։
ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի սանձարձակ հարձակումների երբեք չէր ենթարկվել մեր Եկեղեցին։ Փոխարեն սիրո և հանդուրժողականության քարոզով եկած հեղափոխոխությունից ծնված գործերով Մորը հզորացնելու ջանքեր գործադրելու նվիրական նախաձեռնությունների՝ այսօր տեղի են ունենում Ծնողին լքելու և հայհոյելու՝ արդեն ծիսական երանգ ստացած և սովորական դարձած սրբապիղծ և ազգադավ դրսևորումներ։
Բազմիցս իրեն մեր Եկեղեցու զավակ հռչակած Ալեն Սիմոնյանի և մյուսներին հորդորում ենք վերագտնել հավատարիմ որդու և նվիրյալ զավակի իրենց ընթացքը և ձեռնարկել քայլեր՝ շտկելու մոլորյալի իրենց կեցվածքը։
Վստահ ենք Ալեն Սիմոնյանը և մյուսները քաջածանոթ են Սուրբ Գիրքին և մանավանդ անառակ որդու մասին ոսկե առակին։ Հորդորում ենք վերընթերցել այն (Ղուկաս 15։11-24) և «մեղա յերկինս եւ առաջի քո» աղոթքով վերադառնալ՝ ներում ստանալու հույսով եւ ակնկալիքով։
Եկեղեցին մշտապես սիրում է և ներում է շնորհում իր զավակներին՝ շինական թե իշխանական։ Եվ պարարտ եզը պատրաստ է մորթվելու միայն հոր գիրկն ընկնելուց, ներում հայցելուց եւ ներման արժանանալուց հետո»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը