15 04 2020

Ալեն Սիմոնյանը թրաֆիքինգի զո՞հ. Top-News.am

Ալեն Սիմոնյանը թրաֆիքինգի զո՞հ. Top-News.am

Top-News.am-ը գրում է. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում 2019թ. մարտի 6-ին լուսանկար էր հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել.

«Հյուրընկալվեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ:

Շուրջ մեկ ժամ զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ, քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հզորացմանը միտված քայլեր»:

Իսկ այսօր՝ 2020թ. ապրիլի 15-ին Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:

Մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Ալեն Սիմոնյանը թրաֆիքինգի սովորական զոհ է դարձել: Ակնհայտ է, որ նրան պարտադրել են անել ոչ թե առաջին, այլ երկրորդ հրապարակումը: Կարծիք կա նաեւ, որ անգամ տեքստը ինքը չէ գրել, այլ իր ծանոթներից մեկը: Ամեն դեպքում այսպիսի կարծիք կա:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը մեկ տարի առաջ էլ գիտեր, որ կաթողիկոսի աշխարհիկ անունը Կտրիճ է, բայց այդ մասին հիշատակում չէր արել: Ավելին, մեկ տարի առաջ հազարավոր քաղաքացիների մասին Ալենը նույնպես որեւէ հիշատակում չէր արել:

Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի այսօրվա հրապարակումը նրա ոճի եւ մտածողութփյան մեջ չի տեղավորվում: Ափսոս, որ մենք չկարողացանք պաշտպանել Ալենին, ափսոս, որ նա դարձավ ժամանակակից աշխարհի ամենակեղտոտ հանցագործության՝ թրաֆիքինգի զոհերից մեկը:

Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ընդամենը կոչ էր արել փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, շեշտելով, որ տեղյակ է նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ