«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանի կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ դատարանի որոշմամբ՝ բավարարվել է՝ ի օգուտ Երեւանի քաղաքապետարանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Իշխանությունները բռնաբարում են տեղեկատվություն ստանալու քաղհասարակության իրավունքը․ Երեւանի քաղաքապետարանը հաղթեց դատը
«Տեղեկատվության ազատության մասին օրենքի» եւ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների համաձայն անհատները եւ հասարակական կազմակերպությունները սահմանված կարգով իրավունք ունեն պետական գերատեսչություններից ստանալու տեղեկատվություն, որի համար անհրաժեշտ է հարցում ուղարկել հասցեատեր գերատեսչությանը։ Պետական գերատեսչությունների հանրային վերահսկողության ամենաարդյունավետ միջոցներից մեկը հարցումների միջոցով տեղեկատվության ստացումն է, որի հիման վրա էլ հնարավոր է դառնում ուսումնասիրելու պետական համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը, կոռուպցիոն ռիսկերը եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Գործող իշխանությունները տեղեկատվություն տրամադրելու խնդրում ակնհայտ զիջում են նախկին իշխանություններին՝ անօրինական, անտրամաբանական եւ անհիմն պատճառաբանություններ բերելով ՝ խուսափում կամ խախտումներով են տրամադրում օրենքով հասանելի տեղեկատվությունները։ Իմ եւ իմ ղեկավարած «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի կողմից հարյուրավոր հարցումներ են արվել տարբեր գերատեսչություններ եւ չնչին բացառություններով ստացվել են պատասխաններ, որոնք եղել են օրենքով սահմանված կարգով։
Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջեւ կնքված պայմանագրի պատճեն քաղաքապետարանի կողմից չտրամադրելու հիմքով ՝ դատական հայց էի ներկայացրել ընդդեմ երեւանի քաղաքապետարանի։ Դատական նիստերին քաղաքապետարանի ներկայացուցիչները չեին ներկայանում, ավելին՝ դատարանը պարտավորեցրել էր ԴԱՀԿ միջոցով քաղաքապետարանից բռնագրավելու գործով անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ «արդյունքում» դատարանը (դատավոր Հրաչ Այվազյան) մերժեց իմ հայցը՝ հիմնավոր համարելով քաղաքապետարանի պատճառաբանությունը , թե քանի որ «Սանիթեք» ընկերության հետ քաղաքապետարանը գտնվում է դատական պրոցեսում ՝ նպատակահարմար չէ տեղեկատվության տրամադրումը։ Այսինքն ստեղծվում է նախադեպ, թե մի պետական գերատեսչություն մի մասնավոր ընկերության հետ դատական պրոցեսներում է գտնվում, ուրեմն քաղհասարակությունը զրկվում է տեղեկատվություն ստանալու կամ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Այսպիսով առաջիկայում տարբեր գերատեսչություններ հազար ու մի անհիմն պատճառաբանություններով սկսելու են էլ ավելի շատ խուսափել տեղեկատվության տրամադրումից՝ մեծացնելով պետական համակարգով կոռուպցիան։
Ստացել եմ դատարանի որոշումը, առավել մանրազննին ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո կներկայացնեմ իմ հետագա քայլերը, բայց իշխանություններին ուզում եմ տեղեկացնել սպասվող ՄԵԾ անակնկալների մասին, որոնցից հետո կտեսնեն տեղեկատվության չտրամադրման կամ դրանց բռնաբարման տխուր հետեւանքները։
Դատարանի կայացրած որոշումը համարում եմ իշխանությունների կողմից ճնշման հետեւանք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը